«Ունենալով նման իշխանություն, մենք ոչ միայն չէինք կարող հաղթանակները պահել, այլև չէինք կարող ունենալ Արցախի հայանպաստ լուծում». Դավիթ Գալստյան

1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Արցախահայերի ազատագրական պայքարն Ադրբեջանի կազմից դուրս գալու պահանջով։ Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը»։

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:

1988թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո, տարբեր տվյալներով, 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավան: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ։ Իսկ արդեն փետրվարի 27-29-ը Ադրբեջանը Սումգայիթում սկսեց հայերի զանգվածային կոտորած և տեղահանում՝ նպատակ ունենալով կանգնեցնել ազատագրական պայքարը։

Ոտքի կանգած հայությանը հնարավոր չէր կանգնեցնել, նրանք սկսած պայքարն ավարտեցին 1994 թվականի մայիսին՝ ազատագրելով Արցախի տարածքների մի մասը։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով արցախյան շարժման ու դրա արդյունքում ունեցած հաղթանակի ու այն չպահելու մասին, ասաց՝ եթե չկա ազգային իշխանություն, հաղթանակները հնարավոր չէ պահել։ Իսկ Արցախի ազատագրական շարժումը սկսվեց, քանի որ երկրում կային ազգային իշխանություններ։

«Երբ երկրի ճակատագրով զբաղվող անձինք հավատում են, որ Արցախը հայկական է, ամեն ինչ անում են այն հայկական պահելու համար։ Այդ ժամանակ ամբողջ ազգը շարժվեց այդ ուղղությամբ՝ Արցախում, Հայաստանում և սփյուռքում, որի արդյունքում էլ շարժումն ունեցավ հաջողություն։ Ամբողջ ազգը հավատում էր և այսօր էլ հավատում են, որ Արցախը հայկական է, ցավոք, այդ հաղթանակը հնարավոր չեղավ պահել, քանի որ Հայաստանում իշխանությունը զավթեց այն քաղաքական ուժը, որն Արցախն ի սկզբանե հայկական չէր համարում։ Ունենալով նման իշխանություն, մենք ոչ միայն չէինք կարող մեր հաղթանակները պահել, այլև չէինք կարող ունենալ Արցախի հայանպաստ լուծում։ Որքան էլ ազգը, ժողովրդի մեծամասնությունն ընդունում է, որ Արցախը հայկական է, բայց իշխանությունը զավթել են ոչ հայամետ ուժեր, ապա այդ ուժերը կատարելու են այն, ինչի համար եկել են։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հոդվածներ էր գրում, ասում էր՝ մենք մեր թողած, ուրիշինն ենք ուզում, նկատի ուներ Արցախը»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Ըստ նրա, երբ երկրի առաջին դեմքը չի համարում, որ Արցախը հայկական է, ապա Արցախի հարցում չի կարող հաջողություն լինել։

Պատգամավորը վստահ է՝ քանի դեռ Հայաստանում ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որևէ հարցում հայ ազգը որևէ հաջողություն չի ունենալու։

«Բոլորս պիտի հասկանանք, որ Արցախ վերադարձի ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով, քանի դեռ նման իշխանություններ ունենք, հզոր Հայաստան չենք կարող ունենալ։ Հետևաբար, ինքս չեմ հավատում, որ նրանց օրոք մենք կարող ենք որևէ հաջողություն ունենալ։ Այս իշխանությունը չի կարողանում տեր կանգնել ՀՀ սուվերեն տարածքին, ինչ մնում է՝ նրանց օրոք խոսենք Արցախի ազատագրման մասին, դա տեղի կունենա միայն նրանց հեռացումից հետո»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս