Որտե՞ղ է ԼՂ-ն. միջազգային հանրությունն այն համարում է Ադրբեջանի մաս. մենք աշխարհից կտրված չենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու իր հայտարարությանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ նշաձողն իջեցնելու գինը, և արդյո՞ք ՀՀ-ն կգնա այդ քայլին:

«Այդ թեմայով ամեն ինչ շատ բաց է, որովհետև նաև կարգավիճակի հետ կապված խնդրի վերաբերյալ երբ եղավ, այդ թվում՝ ՌԴ հրապարակային պարզաբանումները և մենք ասացինք, որ դա մեծ հաշվով ընդունելի է մեզ համար, կարծում եմ՝ պատկերն ամբողջացավ: Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է՝ որպես Ադրբեջանի մաս, և փաստն այն է, որ մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի թղթի վրա գրված տեքստեր են, որոնք մենք կարող ենք նաև չնկատելու տալ: Դա, համենայնդեպս, մի մոտեցում է եղել, որի մասին պետք է մտածենք: Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի լեգիտիմությունը, և մենք այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Փաստերի հետ ուղղակի առերեսվենք, այլ բան է, թե մեր հետագա քայլերն այդ փաստերի վրա հիմնվելով՝ ինչպես կկառուցենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ հարցում մեր քաղաքականությունները, մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, և սա նույնպես իր հետ բերել է որոշակի հետևանքներ: Այն, որ մենք մեր Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂԻՄ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ և ԱԽ համատեղ որոշմանը և դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե՝ ԼՂ անկախության հռչակման մասին, և մենք բանակցել ենք այս տրամաբանությամբ, իսկ  2007թ. մադրիդյան սկզբունքներով մենք ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ինչով մենք փաստորեն հերքել ենք 1991թ. դեկտեմբերի հանրաքվեն ԼՂ-ում, այդ ամենը նաև դրա արտահայտությունն է: Եթե մենք արդեն 2007թ. ընդունում ենք, որ այն հանրաքվեն, որը տեղի է ունեցել, չի որոշել ոչ մի կարգավիճակ, հետևաբար, որտե՞ղ է ԼՂ-ն՝ մեր ընկալմամբ, մեր պետական քաղաքականության տրամաբանության մեջ:

Մենք աշխարհից կտրված չենք, այդ համատեքստում ենք ապրում և այդ համատեքստը պետք է հաշվի առնենք: Այս առումով է, որ մեր քաղաքականությունն այսօր այնպիսի է, նաև Լաչինի միջանցքի հետ կապված մեր դիրքորոշումը շարադրելիս ես ասել եմ և ուզում եմ կրկնել, որ այսօր մեր խնդիրն է, որ մենք ուզում ենք աջակցենք, որ այսօր ԼՂ-ի հայությունը շարունակի ապրել ԼՂ-ում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում: Մեծ հաշվով, դեռևս 2018թ. մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը և ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի, և ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ այս համատեքստում պետք է որոշվի հարցը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս