Վերջին իրադարձությունները թելադրում են առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես սահմանային գոտու հուշարձաններին. հնագետ
«2022 թվականից հետո, թերևս, առաջնային ցանկությունը և մաղթանքը խաղաղությունն է: Թող խաղաղություն լինի հայոց աշխարհում, մնացածը կարող ենք ստեղծել»,- 168.am-ի հետ զրույցում նախ այսպես գնահատեց անցած 2022 թվականը Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Տիգրան Ալեքսանյանը, ապա որոշ մանրամասներ փոխանցեց նախորդ տարվա ընթացքում մասնագիտական ձեռքբերումների վերաբերյալ:
«Մասնագիտական առումով, տարին ինձ համար արդյունավետ էր: 2022թ. ընթացքում իրականացրել եմ մի շարք հնագիտական ուսումնասիրություններ, որոնցից ամենակարևորը և տևականը Տավուշ բերդի պեղումներն էին: Տավուշ բերդի պեղումներին զուգընթաց՝ մենք մի քանի գիտարշավ ենք կազմակերպել` ուսումնասիրելու Բերդի տարածաշրջանի միջնադարյան մյուս ամրոցները: Դրանցից մի քանիսը գտնվում են անմիջապես սահմանին, որոնց ուսումնասիրությունը դժվարացել է»,- ասաց Տիգրան Ալեքսանյանը:
Նրա փոխանցմամբ՝ Տավուշ ամրոցի պեղումների ընթացքում երկու կարևոր բացահայտում են արել, ու երկուսն էլ վերաբերում են ջրի ամբարմանը, ջրագծերի անցկացման մշակույթին: Դրանցից մեկը միջնաբերդում կառուցված փոքր ջրամբարն է եղել:
«Ընդհանուր առմամբ, այն ունի ջրամբարներից տարբերվող կառուցվածք, ոչ մեծ տարողունակություն: Այնուամենայնիվ, պահպանված մասերի քննությունը վկայում է, որ կառույցը նախատեսված է եղել ջուր հավաքելու համար, և մենք հակված ենք կարծելու, որ բնակության համար ոչ պիտանի այս տարածքն օգտագործվել է անձրևաջրերը հավաքելու և ամբարելու նպատակով: Մյուսը` ջրատար խողովակների հայտնաբերումն էր: Մեր պեղումներով միջնաբերդի մուտքի մոտ բացվեց կավե խողովակի մի հատված, որն անցնում է միջնաբերդի մուտքով: Ջրագծի մյուս մասերը չեն երևում, քանզի ամրության և վնասվածքներից զերծ պահելու նպատակով՝ այն պատվել է քարերով և կրաբետոնով: Կավե խողովակի սկզբնամասում բացվեց շրջանաձև փոքր ավազան, որը հետագա վերակառուցումների ժամանակ լցվել է կրաբետոնով:
Տեղում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ջրատարը կառուցվել է ամրոցի հիմնադրման փուլում, և հետագա վերակառուցումների ու հավելումների արդյունքում այն ծածկվել է հողով:
Ներկա փուլում դժվար է պնդել, որ այն եղել է ամրոցի միջնաբերդը սնուցող խողովակաշարը: Հավանական է նաև, որ հայտնաբերված ջրագիծը լինի միջնաբերդում կառուցված ջրամբարից ստորին բերդ մղվող ջրատարի հատվածը: Ամեն դեպքում, սպառիչ պատասխանի համար անհրաժեշտ են լրացուցիչ հնագիտական ուսումնասիրություններ: Ճիշտ է, երկրում ստեղծված լարվածությունը և հատկապես սահմանային դեպքերը հաճախ դժվարացնում են կենտրոնանալ հետազոտական աշխատանքի վրա, բայց առաջ գնալ է պետք, ամեն մարդ՝ իր տեղում, ամենօրյա աշխատանքով: Մեր հայրենիքն անսահման հարուստ է պատմական հուշարձաններով, բայց դրանով հանդերձ, Հայաստանի բազմաթիվ անկյուններ դեռևս պատշաճ ուսումնասիրված չեն»,- նշեց Տիգրան Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունները թելադրում են առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես սահմանային գոտու հուշարձաններին:
Հիշեցնենք՝ 29 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: