Առանց իմաստների Հայաստան

Պետությունները, հասարակությունները, բացի սահմանադրական, իրավական կառուցակարգերից, գոյատևում ու զարգանում են նաև դրանցում գեներացվող մտավոր ներուժով։ Պարզելու համար, թե ինչպիսին է պետությունը, և հատկապես ինչպիսի հեռանկար կարող է այն ունենալ, պետք է փորձել հասկանալ, թե ինչ գաղափարներ, իսկ ավելի լայն առումով՝ ինչ իմաստներ են ստեղծվում տվյալ երկրի ու հանրության շրջանում։ Իմաստների ստեղծման գործընթացը, իհարկե, ունի տարերային ընթացք, այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ կամ խմբեր հավաքվում են որևէ տարածքում և զբաղվում են իմաստների կամ գաղափարների արտադրությամբ։

Կարևոր է, որ անհատական, խմբային, մասնագիտական առանձին շրջանակներում ծնվող իմաստներն ունենան եթե ոչ՝ նպատակային ընդհանրություն, ապա՝ հանրային ու պետական կյանքում իրացման գործնական հնարավորություն։

Մեր հասարակությունը, ինչպես ցանկացած հանրույթ, բազմաշերտ է, բազմատարր ու տարասեռ։ Մենք ունենք և՛ մտավոր ու գիտական, և՛ արվեստի, մշակույթի ոլորտներում այս կամ այն չափով կայացած անհատներ, մասնագիտական խմբեր, որոնց շրջանում, վստահաբար, ստեղծվում են կարևոր իմաստներ։ Բայց մենք չունենք գիտական աշխատություններում ու գրական երկերում, արվեստի բազմազան ճյուղերում ու մտագործունեության մյուս ոլորտներում ստեղծվող իմաստները հավաքական գաղափարների, հանրության ու պետության զարգացման մոտիվատորների վերածելու պայմանական մեխանիզմը։ Դրա պատճառներն անսահմանորեն շատ են՝ սկսած միջվերնախավային կապերի թուլությունից՝ մինչև իմաստների նկատմամբ հանրային անտարբերություն։ Բայց գլխավոր պատճառներից մեկն այն է, որ պետությունը, պետական նոմինալ վերնախավը պոտենցիալ իմաստաստեղծ շրջանակներին չի ներկայացնում իմաստների պահանջարկ, որովհետև ցանկացած իմաստ կամ դրա վրա հիմնված բանավեճ ինքնին ցածրարժեքության վրա հիմնված գործող իշխանության թշնամին է։

Իմաստների պահանջարկ չի ներկայացնում նաև քաղաքական համակարգն ընդհանուր առմամբ, քանի որ, ինչպես իշխանությունը, այնպես էլ նոմինալ ընդդիմությունը հզոր է իր անիմաստությամբ։ Նաև այդ պատճառով Հայաստանում կա անսահման մեծ խզում պայմանականորեն իմաստներ ստեղծող խավերի ու խմբերի, և գործնական առումով այդ իմաստները կյանքի կոչելու, առարկայացնելու գործնական հնարավորություններ ունեցողների միջև։ Սա է նաև մեր քաղաքական դիսկուրսի դատարկության, անբովանդակության պատճառը։ Քաղաքական ու իշխանական համակարգը ոչ միայն իմաստներ ստեղծող չէ, այլև վանում է իմաստ ունեցող ամենայնը։

Կարդացեք նաև

Դրան մեծապես նպաստում են նաև սոցիալական ցանցերը, որպես դրա հետևանք՝ հասարակության ատոմիզացիան և բազմաթիվ այլ երևույթներ։ Արդյունքում՝ մենք՝ որպես հասարակություն, իմաստներ, մեծ հաշվով, չենք ստեղծում, մեր ստեղծած իմաստները մնում են նեղ, խմբային հարթությունում, ավելի ընդգծելով այն անիմաստությունը, որն առկա է ավելի գլոբալ հանրային մակարդակում։
Այս իրավիճակը հաղթահարելու համար, թերևս, պետք է փորձել հասկանալ առանց իմաստների ապրելու իմաստը, որը, հնարավոր է՝ այդքան էլ հաճելի զգացողություններ չպատճառի։ Բայց իմաստները պարտադիր չէ, որ հաճույք պատճառեն, ինչպես որ ճշմարտությունը, որից մենք անդառնալիորեն հեռացել ենք նաև անիմաստության բերումով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս