Պետությունները, հասարակությունները, բացի սահմանադրական, իրավական կառուցակարգերից, գոյատևում ու զարգանում են նաև դրանցում գեներացվող մտավոր ներուժով։ Պարզելու համար, թե ինչպիսին է պետությունը, և հատկապես ինչպիսի հեռանկար կարող է այն ունենալ, պետք է փորձել հասկանալ, թե ինչ գաղափարներ, իսկ ավելի լայն առումով՝ ինչ իմաստներ են ստեղծվում տվյալ երկրի ու հանրության շրջանում։ Իմաստների ստեղծման գործընթացը, իհարկե, ունի տարերային ընթացք, այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ կամ խմբեր հավաքվում են որևէ տարածքում և զբաղվում են իմաստների կամ գաղափարների արտադրությամբ։