Հայրիկյանին պատճառվել է միջին ծանրության վնաս
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, կույր, փափուկ հյուսվածքների և մկանների վնասումով, վիրավորման, կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, շոշափող վնասվածքի ձևերով պատճառված են գնդակներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով։ Դատաբժիշկների գնահատմամբ երկու վնասվածքները միասին վերցված պատճառվել են առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Ինչպես արդեն հայտնի է, 2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց, անհայտ անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող, Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:
Կրակոցների հետևանքով Պ. Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով 01.02.2013թ. հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պ. Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում, անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով հնարավոր է իրականացնել քննչական խմբի միջոցով, ՀՀ գլխավոր դատախազի 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետը, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար համատեղ խմբում ընդգրկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունների քննիչներ և համապատասխան օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործով կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրից առգրավվել են 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պ. Հայրիկյանի մարմնից, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև` դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Պարույր Հայրիկյանը 01.02.2013թ. որոշմամբ ճանաչվել է տուժող:
Հիշեցնենք, որ ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 10.02.2013թ. որոշումներով Խաչատուր Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
Սամվել Հարությունյանը 10.02.2013թ. որոշումներով ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
Քրեական գործով կատարված դատաձգաբանական, դատաքիմիական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված 1941թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի փողից են կրակված դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված երկու հատ 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ռևոլվերային փամփուշտների կրակված գնդակները:
Նախաքննությունը շարունակվում է: