Ինքնասպանության փորձերը կատարվում է սիրո հողի վրա
«Ոստիկանության կողմից կատարված համալիր աշխատանքի արդյունքում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է:
2011թ.-ին գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 527 դեպք, իսկ 2012թ.-ին՝ 414, որից 110-ը՝ եղել են մարմնական վնասվածքներ:
Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների մեջ գերակշռում է գողությունը, սակայն այս տարի գողության դեպքերը ևս նվազել են՝ հավաստիացնում է Նելլի Դուրյանը և ավելացնում, որ 2012թ.-ին աճ է արձանագրվել անչափահասների մոտ սառը զենքերի հայտնաբերման ուղղությամբ, իհարկե անչափահասը սառը զենք կրելու համար չի հայտնվում, քրեակատարողական հիմնարկում, բայց նա ոստիկանության կողմից հաշվառման է վերցվում կամ այլընտրանքային պատիժների բաժինը հսկողություն է սահմանում նրա նկատմամբ:
Նելլի Դուրյանի խոսքով՝ անչափահաս աղջիկների կողմից կատարված հանցագործությունները շատ քիչ տոկոս են կազմում, իսկ եթե լինում են, ապա գողություն կամ խարդախություն:
Ինչ վերաբերում է սեռական ոտնձգություններին, ապա 2012թ.-ին գրանցվել է 80 դեպք, անչափահասը՝ անչափահասի նկատմամբ և չափահասը՝ անչափահասի նկատմամբ: 16 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունը մեծամասամբ ավարտվում է ամուսնությամբ:
2012թ.-ին գրանցվել է ինքնասպանության 45 դեպք, որից 9-ը մահվան ելքով, նշում է Նելլի Դուրյանը՝ ավելացնելով, որ «ինքնասպանության փորձերը մեծամասամբ կատարվում է սիրահարության հողի վրա»:
Անչափահասների համար նախատեսված ՔԿՀ-ում իրենց պատիժը կրում են 16 անչափահասներ, որոնք բոլորը ծանր հանցագործություն կատարելու համար են հայտնվել այնտեղ: