«Իրանը կմտնի ոչ թե Սյունիք, այլ Նախիջևան, ու կլուծի «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը». Հարութ Արթին Առաքելյան

Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ միջազգային հարաբերությունների առկա բնույթը հաշվի առնելով՝ Ադրբեջանի սադրանքներն Արցախում բնական են:

«Երբ բանակցությունները հասնում են մի կետի, որը փակուղային է, նման բաները բնական են: Մենք նախքան Սև լճի դեպքերը կանխատեսել էինք, որ Հայաստանի սուվերեն տարածքն է Ադրբեջանը փորձելու մաս-մաս գրավել: Եթե դու քեզ համարում ես պարտված կողմ և փորձում ես խաղաղություն մուրալ, թշնամին այդ խաղաղությունը քեզ չի նվիրում, այլ ոտնձգություններ է անելու և փորձելու է առաջ գալ: Հիմա այդ ադրբեջանցիները, որոնք ներկայանում են որպես բնապահպաններ կամ հասարակական գործիչներ, նույն պատերազմի շարունակությունն են իրականացնում: Եթե ինչ-որ բան պետք է թելադրեն, իրենց պահանջները սեղանին լինի, բնական է, որ իրենք չպետք է թողնեն, որ իրենց հակառակորդը հանգիստ օր ունենա: Դա մենք մինչ այսօր սխալ ենք հասկացել, որ ձգտում ենք խաղաղության և դրան զուգահեռ՝ ոչինչ չենք իրականացնում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Առաքելյանն անդրադարձավ այս իրավիճակում ռուսական կողմի հասցեին հնչող մեղադրանքներին. «Եթե դու փորձում ես Ռուսաստանին տարածաշրջանից հանել, փորձում ես այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ցույց տաս՝ ինքը անկարող է, և ձգում ես այլ ուժեր բերել տարածաշրջան, ռուսները, իրենց վաղեմի սովորույթի համաձայն, փորձելու են այլ միջոցներով խլրտումներ առաջացնել: Դա մեզ չպետք է զարմացնի, որ եթե մենք փորձել ենք Արևմուտքի պատվերը կատարելով՝ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնել, պետք է սպասենք, որ ռուսական կողմից լինելու են քայլեր: Անգամ արևմտյան մամուլը երբ գրում է, որ Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց և գնում է դեպի Արևմուտք, չեն խոսում, օրինակ, ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում եթե Ռուսաստանը հակաքայլ անի՝ Արևմուտքը ի՞նչ երաշխիքներ է տալիս Հայաստանին: Նրանք այդ մասին չեն խոսում, պարզապես ուզում են, որ Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցությունից: Հետևաբար՝ արկածախնդրություն է դա անելը»:

Կարդացեք նաև

Իրանի ԻՐՆԱ տեղեկատվական գործակալությունը պատասխանել էր Իրանին ուղղված Ալիևի հարցերին: Իրանական զորավարժությունների վերաբերյալ Ալիևի հարցին ի պատասխան՝ գործակալությունը նկատել էր, որ Ադրբեջանն էր Թուրքիայի, Պակիստանի հետ առաջինը զորավարժություններ անցկացրել Նախիջևանում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ. «Այդ զորավարժությունները տեղի են ունեցել մինչև իրանական զինված ուժերի «Հայբերի զավթումը» զորավարժությունները։ Իրանի զորավարժությունները տեղի են ունեցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, իսկ Ադրբեջանի զորավարժությունները խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Իրանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի Հանրապետությանն ընդունել տարածաշրջանի իրողությունները և հասկանալ սիոնիստական վարչակարգի դավերը։ «Գործնականում Իրանն ապացուցել է, որ ուշադիր հետևում է իր թշնամիների, հատկապես՝ օկուպացիոն վարչակարգի տեղաշարժերին, և անհրաժեշտության դեպքում Թեհրանն օրակարգում կանխիչ միջոցներ կներառի»,- գրել էր իրանական պետական գործակալությունը:

Հարութ Առաքելյանի խոսքով՝ Իրանի հիմնական թիրախը դառնում է Նախիջևանը. «Եթե Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություն տեղի ունենա, և Իրանը որևէ զորք մտցնելու լինի, տրամաբանություն չկա, որ դա պետք է մտցնի Սյունիք: Հետևաբար, Իրանի թիրախը լինելու է Նախիջևանը, որը հարթավայր է և կարող է լուծել նաև Թուրքիայի հետ 8 կիլոմետրանոց սահմանի հարցը, փորձի այդ ձևով ավելի մեծ պատառ պոկել Ադրբեջանից: Դրա ենթահողն իրենք Իրանում պատրաստել են՝ ժողովրդին տարիներով պատրաստում են, որ Նախիջևանը Իրանինն է եղել, Ռեզա շահը դա նվիրել է Թուրքիային, եթե չնվիրեր Նախիջևանը, Թուրքիայի հետ այդ 8 կիլոմետրանոց սահմանը չէր լինի: Եթե այս ենթահողին նայում ենք, ուրեմն՝ կարող ենք ենթադրել, որ եթե Իրանի շահերը խոցեն տարածաշրջանում, իր հարվածը որ ուղղությամբ է լինելու. ո՛չ թե Ադրբեջանի տարածքում, ո՛չ թե Սյունիքում, այլ մտնելու են Նախիջևան: Նախիջևան մտնելով՝ կլուծեն նաև «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հարցը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031