Կիևում «ապոկալիպսիս» են կանխատեսել, Պուտինն ու Զելենսկին կարծիքներ են հնչեցրել հակամարտության ավարտի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավատում է, որ հաջորդ տարի Ուկրաինայում խաղաղություն կլինի: Այդ մասին նա հայտնել է Politico-ին ուղարկված տեսաուղերձում՝ հրատարակության կողմից Եվրոպայի ամենաազդեցիկ մարդը ճանաչվելուց հետո:
Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հակառակը, Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստին ելույթի ժամանակ հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությունը երկարատև գործընթաց է, սակայն արդեն զգալի արդյունքներ է արձանագրել»: Նա մասնավորապես շեշտել է այն, որ Ռուսաստանն այժմ վերահսկում է Ազովի ծովը, ինչի համար պայքարում էր դեռ Պետրոս I Մեծը:
Վերլուծելով Վլադիմիր Պուտինի ելույթը՝ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետներն իրենց հերթական տեղեկագրում նշել են, որ Մոսկվան Ուկրաինայում «իմպերիալիստական և առավելապաշտական նպատակներ ունի»:
Ինստիտուտի փորձագետները նաև ուշադրություն են հրավիրել ուկրաինական կողմի այն հայտարարության վրա, որ դեկտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի մի քանի քաղաքների հարվածելու համար օգտագործել է իրանական «Շահիդ» ԱԹՍ-ներ: Ըստ նրանց՝ դա նշանակում է, որ ռուսական ուժերն, ամենայն հավանականությամբ, վերափոխել են իրանական ԱԹՍ-ները, որպեսզի հնարավոր լինի դրանք օգտագործել ավելի ցուրտ եղանակին: Ավելի վաղ ուկրաինացի զինվորականները ենթադրում էին, որ Ռուսաստանը ստիպված է եղել դադարեցնել իրանական արտադրության անօդաչուների օգտագործումը, քանի որ դրանք հարմարեցված չեն ցուրտ եղանակի համար: Այժմ, ըստ երևույթին, Ռուսաստանին հաջողվել է լուծել այդ խնդիրը:
Ըստ Reuters գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունն ուսումնասիրում է Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին «հասանելի ողջ տեղեկատվությունը»:
Եվրոպական հանձնաժողովն էլ առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը, որի մեջ ընդգրկված են ևս 200 ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Զուգահեռաբար շարունակվում են ռազմական գործողությունները: Գիշերը Ուկրաինայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Նիկոլաևի, Օդեսայի, Չերկասիի, Կիրովոգրադի մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել:
Զելենսկին հայտարարել է, որ Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքին ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Իսկ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Reuters գործակալության հետ զրույցում նախազգուշացրել է, որ եթե ենթակառուցվածքների դեմ ռուսական ավիահարվածները շարունակվեն, ապա Ուկրաինայի մայրաքաղաքը ձմեռվա ամիսներին կարող է մնալ առանց էլեկտրական հոսանքի, ջրի և ջերմության, ինչն իսկական «ապոկալիպսիս կլինի, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում»:
Ռուսական կողմն էլ հայտարարել է ուկրաինական ուժերի հարվածների մասին: Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների՝ այս գիշեր Ուկրաինայի ԶՈՒ-ն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հրթիռ է արձակել Սեյատել գյուղի վրա:
Իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Ուկրաինական ուժերը երեկ երեկոյան հրթիռներ են արձակել մարզի ուղղությամբ: Կուլեշովկա գյուղի մոտ ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են հրթիռները: Վնասվել են էլեկտրալարերը, տուժածներ չկան:
Ի դեպ, երեկ երեկոյան իր ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր նաև, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա: Այս պահին մարտական ստորաբաժանումներում է գտնվում զորահավաքի ընթացքում զորակոչվածներից միայն 77 300-ը: