Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից կոնկրետ քայլեր չի տեսնում ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի լուծման համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ձեռնարկում են «սադրիչ գործողություններ», այլ ոչ թե կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեն ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցության համար Անկարայի ներկայացրած պահանջների բավարարմանը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ցավոք, Շվեդիայում և Ֆինլանդիայում դեռևս տեղի են ունենում սադրիչ գործողություններ: Շվեդիայից և Ֆինլանդիայից սպասում ենք կոնկրետ քայլեր», – ասել է Աքարը:
Նա նշել է, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրում արձանագրված պահանջները «առավելագույնս հստակ են»:
«Շվեդիան և Ֆինլանդիան ստանձնել են որոշակի պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն: Այդ հուշագիրն ամենևին գործընթացի վերջը չէ, այլ միայն սկիզբն է: Բոլոր հարցերը լուծելուց հետո հայտերի շուրջ քվեարկությունը կկայանա Թուրքիայի խորհրդարանում», – հավելել է Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հաղորդել է, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Անկարայում բանակցություններ կանցկացնի իր ֆինն պաշտոնակից Անտի Կայկոնենի հետ:
Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրելՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան: Թուրքիան Հելսինկիին և Ստոկհոլմին մեղադրել է Անկարայի կողմից ահաբեկիչ համարվող անձանց թաքցնելու մեջ:
Տարբեր մակարդակով անցկացված մի շարք բանակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարաձայնությունները վերացնելու շուրջ, որպեսզի սկանդինավյան երկու երկրները միանան դաշինքին: Կողմերը հուշագիր են ստորագրել 2022 թվականի հունիսին: