Բաժիններ՝

Էդվարդ Սնոուդենը ռուսական անձնագիր է ստացել

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿԸՀ) և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ստացել է ռուսական անձնագիր: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:

«Էդվարդը երեկ ստացել է ՌԴ քաղաքացու անձնագիր և օրենքին համապատասխան երդում տվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Այն հարցին, թե ամերիկացին ինչպես է ընդունել այդ իրադարձությունը, նրա ներկայացուցիչն ասել է. «Նա, իհարկե, ուրախ է, շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը քաղաքացիություն ստանալու համար, նա այժմ ՌԴ-ի լիիրավ քաղաքացի է: Դե իսկ ամենագլխավորն այն է, որ ըստ Ռուսաստանի Սահմանադրության՝ այսուհետև նրան չի կարելի արտահանձնել օտարերկրյա պետության»։

Նա հավելել է, որ Սնոուդենի կինը ևս պատրաստվում է ՌԴ քաղաքացիություն ստանալ: «Ներկայում մենք անհրաժեշտ փաստաթղթերն ենք հավաքում քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար: Կարծում եմ, որ գործընթացը շատ չի ձգձգվի», – ասել է փաստաբանը:

Սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին»:

Հրամանագրի համաձայն, մասնավորապես, Սնոուդենին տրամադրվել է ՌԴ-ի քաղաքացիություն: 2013 թվականին Սնոուդենը ԶԼՄ-ներին Էր փոխանցելնյութեր, որոնցով բացահայտել էր ԱՄՆ քաղաքացիների գաղտնի լրտեսման մասին ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրերի տվյալները: Հրապարակումները լայն արձագանք էին առաջացրել:

Հայրենիքում նրան հեռակա կարգով մեղադրանք են առաջադրել լրտեսության և պետական սեփականության հափշտակման համար: Սնոուդենն սկզբում ԱՄՆ-ից փախել էր Հոնկոնգ, իսկ հետո՝ ՌԴ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս