Բաժիններ՝

Տիեզերագնացները ժամանել են Չինաստանի տիեզերակայան՝ նոր ժամանակաշրջանի սկիզբ դնելով

Չինացի երեք տիեզերագնացները բարեհաջող կերպով հասել են Չինաստանի տիեզերակայան՝ փոխարինելու այնտեղ գտնվող անձնակազմին: Սա Չինաստանի տիեզերագնացության պատմության մեջ անձնակազմի առաջին ռոտացիան է, որով մեկնարկում է Երկրի ցածր ուղեծրում երկրորդ տիեզերակայանի գործունեությունը:

«Շենչժոու-15» (Աստվածային նավ) տիեզերանավը և նրա երեք ուղևորներին ուղեծիր է հասցրել Long March-2F հրթիռը, որը մեկնարկել է Ցզյուցյուան կոսմոդրոմից երեքշաբթի երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 23:08-ին: Թռիչքը տևել է 6 ժամից ավելի: «Շենչժոու-15»-ը 11 առաքելություններից վերջինն է: Նախորդ 3 առաքելությունները ուղեծիր էին ուղարկվել՝ կառուցելու «Երկնային պալատը». այսպես է չինարենից թարգմանվում բազմամոդուլ կայանի անվանումը: Առաջին առաքելությունը մեկնարկել էր 2021 թ.-ի ապրիլին:

«Շենչժոու-15»-ի տիեզերագնացներին գրկաբաց ողջունել է տիեզերակայանում գտնվող «Շենչժոու-14»-ի անձնակազմը, որը ժամանել է հունիսին և մեկ շաբաթից կվերադառնա Երկիր:

«Երկնային պալատը» մոտ երկու տասնամյակի ընթացքում Չինաստանի կողմից տիեզերք ուղարկվող օդաչուավոր առաքելությունների գագաթնակետն էր: Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքները սկսվել են 2003 թվականին:

Չինաստանի հաջորդ առաքելությունը տիեզերակայան կմեկնի 2023 թ.-ին: Նոր անձնակազմը կընտրվի երրորդ սերնդի տիեզերագնացներից, որոնք ունեն գիտական կոչումներ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբժշկական ճարտարագիտության և աստղագիտության: Ակնկալվում է, որ տիեզերագնացները Երկրի ուղեծրում գտնվելու ընթացքում հազարից ավելի գիտափորձեր կկատարեն:

CNN-ն իր հերթին հաղորդում է, որ Շենչժոու-15»-ը կավարտի ուղեծրային կայանի կառուցումը մինչև դեկտեմբերի վերջը, և կմեկնարկի դրա կիրառման և զարգացման առաջին փուլը: Կառուցման ավարտից հետո տիեզերակայանն, ըստ գնահատումների, կծառայի 15 տարի: Չինաստանը նախատեսում է տարեկան 2 օդաչուավոր և երկու բեռնատար առաքելություններ ուղարկել տիեզերակայան:

ՆԱՍԱ-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պաշտոնյաները հայտարարել են, որ 2030 թ.-ից գործածությունից կհանեն Միջազգային տիեզերակայանը, որի շրջանակներում համագործակցում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ճապոնիան, Կանադան և Եվրոպական տիեզերական գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս