Բաժիններ՝

«5 ժամ մեր հոգևորականը ծառի ներքևում խոսել է այդ մարդու հետ, նա այդպես էլ հստակ պահանջ չի ձևակերպել». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Երեկ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզում քաղաքացին բարձրացել էր եղևնու ծառը և սպառնում էր ինքնասպանություն գործել։ Նա պահանջել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կամ որևէ այլ հոգևորականի։

Թեպետի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղաքացու մոտ ուղարկել էր հոգևորականի, սակայն մի քանի ժամ տևած բանակցություններից հետո քաղաքացին ծառից իջել ու ինքնահրկիզվել էր, նրան տեղափոխել են հիվանդանոց։

168.amը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ի՞նչ էր պահանջել քաղաքացին։

«Երեկ 5 ժամ շարունակ՝ ժամը 14։30-ից մինչև 19։30, մեր հոգևորականը ծառի ներքևում խոսել է այդ մարդու հետ, 5 ժամ նա չի բացակայել այնտեղից։

Կարդացեք նաև

Քահանան իր հովվական պարտքն ու պարտականությունը կատարել է, հետո էլ մասնակցել է ինքնահրկիզված տղամարդու հրդեհաշիջման աշխատանքներին։ Հոգևորականը մեկ վայրկյան չի բացակայել այնտեղից։

Այդ մարդը որևէ հստակ պահանջ չի ձևակերպել, հնչեցրել է տարբեր պահանջներ։ Նա հնչեցրել է նաև իմ անունը, բայց չի ասել՝ թող սրբազանը գա, ես կիջեմ, կամ սրբազանին ասելիք ու պահանջ ունեմ։

Ընդհակառակը, ինքն իմ ներկայությամբ հավանաբար ցանկացել է ավելի հնչեղություն ապահովել։ Նա պահանջ չի դրել, որ՝ եթե սրբազանը գա, ինքնասպան չեմ լինի։ Ընդհակառակը, այն տպավորությունն է, որ նա ասել է՝ թող գա, որպեսզի իր ներկայությամբ ինքնասպան լինեմ»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը։

Ըստ սրբազանի, այդ պատճառով էլ իր ներկայությունը դեպքի վայրում ցանկալի ու անհրաժեշտ չի եղել, այդ պատճառով էլ չի գնացել, իսկ թեմից ուղարկված հոգևորականը սկզբից մինչև վերջ այնտեղ է մնացել։

Հարցին՝ ո՞վ է եղել քաղաքացին, ճանաչո՞ւմ է նրան, սրբազանը պատասխանեց, որ չի ճանաչում, չի կարող նրա մասին ոչինչ ասել։

«Ինքս փորձել եմ այդ մարդու հետ հեռախոսով կապ հաստատել, սկզբում ասել է՝ այո, կիջնի, հետո ասել է՝ ոչ։ Մի խոսքով՝ իր վարքագիծը նորմալ վարքագիծ չի եղել։

Այս պահին Էջմիածնում եմ»,- եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս