Արցախում ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Դեպքի մասին ոստիկանքւթյունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։