Բաժիններ՝

Որբի Աստվածը

Չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք խորապես համոզված են, որ որբը անտեր, մենակ, տկար կամ միջավայրի կողմից անտեսված մի անձ է: Աստվածաշունչ մատյանը ցույց է տալիս, որ որբը այսպիսին չէ, որովհետև նրա թիկունքում կանգնած է երկնքի և երկրի Աստվածը՝ Ամենագութ և Արդարադատ Աստվածը, որ Իր անբացատրելի հայրական սիրով և անսահման արդարությամբ սիրում ու պաշտպանում է ամեն մի որբի:

Մարդկային մոտեցումով որբ է այն անձը, որը կորցրել է իր ֆիզիկական հորը կամ մորը, բայց երբ ֆիզիկականից բարձրանանք դեպի հոգևոր մակարդակ, այնտեղ պիտի տեսնենք որբությունից ավելի ահավոր և ցավալի մի վիճակ, որ տեղի է ունենում, երբ անձն իր ազատ կամեցողությամբ, բազմազան մեղքերի պատճառով հեռանում է երկնավոր հորից՝ Աստծուց և դատապարտության է ենթարկվելու Դատաստանի սոսկալի օրը՝ լսելով. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում» (Մատթ. 7:23):

Այս հոդվածի նպատակն է բացել Աստվածաշունչ մատյանն իր Հին և Նոր Կտակարաններով, ինչպես նաև Երկրորդականոն գրքերով, որպեսզի դրանց բազմաթիվ համարների միջոցով մոտից ծանոթանանք որբի Աստծուն և միաժամանակ զգույշ լինենք մեր խոսքերի, զգացմունքների և գործերի մեջ, մանավանդ, երբ շփվում ենք որբերի հետ, որպեսզի նրանց հանդեպ չսխալվենք և չդատապարտվենք:

Որբի պաշտպանը Աստված Ինքն է: Որևէ ժամանակ Աստված որբին չմոռացավ,  ինչպես կարծում են ոմանք, որովհետև գրված է, որ «Նա պաշտպանում է եկվորի, որբի ու այրու իրավունքները, սիրում է պանդուխտին, նրան հաց ու հագուստ է տալիս» (Բ Օր. 10:18): Այո՛, երբեմն արտաքնապես թվում է, թե որբն անպաշտպան էակ է. նա չի կարող ստանալ իր մարդկային արդար իրավունքները երկրի վրա: Սակայն, Աստված Իր կատարյալ արդարությամբ և աստվածային ժամանակացույցով պիտի միջամտի և պաշտպանի որբին՝ տալով նրան ամբողջական իրավունքները, նունիսկ եթե ոչ երկրի վրա, բայց հաստատ երկնքում:

Որբը ընդունված է Տիրոջ կողմից: Ճիշտ է, որ որբը ընդունված չէ որոշ մարդկանց կողմից, սակայն նա ունի երկնավոր Հայր, որ վկայում է՝ ասելով. «Տերն ընդունում է որբերին ու այրիներին» (Սաղ. 145:9): Եթե մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հանդիմանեց իր աշակերտներին՝ ասելով. «Թողե՛ք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը» (Մատթ. 19:14), և օրհնեց մանուկներին՝ Իր ձեռքը դնելով նրանց վրա, որքան Նա պիտի ընդունի և օրհնի որբերին:

Որբի պաղատանքը լսելի է Աստծու մոտ:  Յուրաքանչյուր որբ պետք է լավ իմանա, որ իր սրտաբուխ աղոթքներն ու պաղատանքները անազդեցիկ կամ ապարդյուն չեն, այլ  խնկի նման բարձրանում են երկինք՝ հասնելով գահին Բարձյալի, Ով վստահեցնում է, որ «Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը և ո՛չ էլ այրու, երբ նա աղոթք է մատուցում» (Սիրաք 35:17): Ճիշտ չէ կարծել, որ Աստծու պատվիրանները միայն տասնաբանյա պատվիրաններն են, որ Աստված տվեց Մովսես մարգարեին հազարավոր տարիրներ առաջ Սինա լեռան վրա (Ելք 20)։ Աստվածաշնչում կան զանազան տեսակի պատվիրաններ, որոնցից մեկը վերաբերում է որբին, օրինակ․

1. Որբին կերակրելու պատվիրանը: Որբ լինել՝ չի նշանակում բաժին չունենալ աշխարհի այգիների բարիքներից կամ չճաշակել դրանք: Աստված պատվիրեց այգեգործներին, որ չվերադառնան իրենց արտ՝ վերցնելու մոռացած որաները (հնձած հացաբույսի խուրձ՝ խրձիկ), չքաղեն բերքից հետո մնացած մանր ողկույզներն ու ձիթապտուղները, այլ այդ բոլորը թողնեն աղքատին, եկվորին, այրուն ու որբին (Բ Օր․ 24:19-22): Եթե մարդիկ չգործադրեն այս պատվիրանը, Կերակրիչ Աստված՝ Իր անսահման զորությամբ, բաժին կհանի որբերին, որովհետև Նա էր, որ երկնքից մանանա և լորամարգիներ ուղարկեց, ժայռից ջուր բխեցրեց և բազմաթիվ այլ հրաշքներ կատարեց:

2. Որբի դատը տեսնելու պատվիրանը: Կարդում ենք Սաղմոսաց գրքի մեջ որբի դատը տեսնելու պատվիրանը. «Որբի և այրու դա՛տը տեսեք, խոնարհի և անտունի իրավո՛ւնքը տեսեք» (Սաղ. 81:3): Այս պատվիրանի գործադրությունը ունի վարձատրություն, որովհետև «Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն» (Հռոմ. 2:6): Եթե մարդիկ չտեսնեն որբի դատը ինչ-ինչ պատճառաբանություններով, Աստված Ինքը պիտի անի դա, որպեսզի չար մարդիկ չկարողանան որբին ճնշել երկրի երեսին (Սաղ. 9:39):

3. Որբին չնեղելու նախապայմանը: Որբի ներքին աշխարհի խաղաղությունը մեծ արժեք ունի Աստծու համար: Աստված օտարականին, որբին ու այրուն չնեղելու պատվիրանը տվեց Հուդայի բնակիչներին, որպես նախապայման՝ մնալու Սուրբ երկրում. «Օտարականին, որբին ու այրուն չնեղեք, անմեղ արյուն չթափեք այդտեղ և չարության չհանդիպելու համար օտար աստվածներին չհետևեք, ապա ձեզ կբնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ հավիտյանս հավիտենից տվեցի ձեր հայրերին» (Եր․ 7:6-7):

Որբին տանջողը դատապարտյալ անձ է: Հետաքրքրական է, որ Աստվածաշնչում  որբի վերաբերյալ առաջին համարն ինքնին մեծ զգուշացում է. «Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք։ Եթե տանջեք նրանց, և նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կլսեմ նրանց ձայնը, սաստիկ կբարկանամ, սրով կկոտորեմ ձեզ, և ձեր կանայք այրի կդառնան, իսկ ձեր մանուկները՝ որբ» (Ելք 22:21-23): Այսինքն՝ որբին տանջողը պիտի դատապարտվի Աստծու սոսկալի բարկությամբ, նա պիտի կործանվի և մեռնի, այրի թողելով իր կնոջը և որբ թողելով իր մանուկներին: Այս պատվիրանը մեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի՝ լեռան քարոզի խոսքերից մեկը. «․…կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք» (Մատթ. 7:2):

Որբին ոտնահարողը անիծյալ անձ է: Անեծքն աշխարհ մտավ մարդու մեղանչելու  պատճառով: Աստված նախ անիծեց Սատանային՝ հին օձին, ասելով. «…․անիծյա՛լ լինես դու բոլոր կենդանիների ու վայրի գազանների մեջ, սողաս քո կրծքի և որովայնի վրա և հող ուտես քո ողջ կյանքի ընթացքում» (Ծննդ. 3:14), հետո երկիրը՝ հողը. «․…անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը» (Ծննդ. 3:17), վերջում՝ մարդուն՝ Կայենին. «…․անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը» (Ծննդ. 4:11):

Աստված պատվիրեց Իսրայելի որդիներին, որ որբի իրավունքը չոտնահարեն, որովհետև ստրուկ էին Եգիպտոսում և Ինքը նրանց այդ երկրից դուրս հանեց Մովսես մարգարեի միջոցով (Բ Օր. 24:17-18):

Այն անձը, որը կոտնահարի  որբին՝ չգործադրելով Աստծու այս պատվիրանը, դատապարտվելու է անեծքով հենց Աստծու կողմից. «Անիծյալ լինի նա, ով կոտնահարի եկվորի, որբի և այրու իրավունքները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն» (Բ Օր. 27:19): Աստծու անգին օրհնությունը մարդու համար հաջողություն, նվաճում, առատություն և կյանք է, իսկ Աստծու անեծքը մարդու համար ձախորդություն, անկում, սով և մահ է:

Աստված սիրում, պաշտպանում և ընդունում է որբին: Աստված չի ուզում, որ որբն իր երկրավոր կյանքում անոթի մնա, կորցնի իր իրավունքները, նեղանա, տանջվի կամ  ոտնահարվի մարդկանց կողմից: Դրա համար աստվածային պատվիրանների մեջ հատուկ տեղ է գրավում որբերին վերաբերող պատվիրանները:

Երանելի է այն անձը, որ ամենայն սիրով, մեծ ուրախությամբ և վճռական  պատրաստակամությամբ օգնում է որբերին իր ամենօրյա կյանքում՝ կերակրելով սոված որբին, տեսնելով որբի լքված ու մոռացված դատը և հարգելով որբի արժանապատվությունը:

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս