«Ադրբեջանն ի՞նչ պայմաններ է ստեղծել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների բնակիչների անվտանգ վերադարձի համար»․ Փաշինյան

«Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ապա հերթով թվարկեց արձանագրված խախտումները.

«2020 թվականի դեկտեմբերին  Ադրբեջանն ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գորոծղությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։

Ադրբեջանը նման օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է՝ «օպերացիա Փառուխ»։

Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում, զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։

Կարդացեք նաև

Այս պնդումն ինքնին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է  Լեռնային Ղարաբաղ անունը։

Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում․․․»։

Փաշինյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը փորձ է անում կառուցողական երևալ, երբ հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է․

«Թե այս պնդումը որքանո՞վ է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ի՞նչ պայմաններ է ստեղծել  և ի՞նչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։

Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի՛ ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի առանձին խախտում է․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս