Կադիրովը 3-րդ անգամ է գրանցվում Չեչնիայի ղեկավարի ուղղակի ընտրություններում
Չեչնիայի ընտրական հանձնաժողովը Ռամզան Կադիրովին գրանցել է որպես հանրապետության ղեկավարի թեկնածու, հաղորդում է ԿԸՀ-ի տելեգրամյան ալիքը:
Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-20-ը՝ Ռուսաստանի Պետդումայի և Չեչնիայի խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ։
Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից և երրորդ անգամ է մասնակցում ուղղակի ընտրություններին: Նրա թեկնածությունն առաջադրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության չեչենական մասնաճյուղը։
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, Չեչնիայի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են նաև երկու այլ թեկնածուներ։
Կադիրովը նախորդ ընտրություններում մշտապես հաղթել է՝ հավաքելով ձայների գրեթե 100 տոկոսը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016-ին նրա օգտին քվեարկել է ընտրողների 98 տոկոսը, իսկ 2021-ին՝ 99.7 տոկոսը։ Իրավապաշտպանները, սակայն, տարիներ շարունակ ահազանգել են ընտրական գործընթացի բազմաթիվ խախտումների մասին։
Ռամզան Կադիրովը պատժամիջոցների ցուցակում է 2014-ից։ Չեչնիայի առաջնորդի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան և Ճապոնիան: Կադիրովը և նրա շրջապատը հերքում են մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:

