Անհրաժեշտ է կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից, մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

«Այս մոտեցումն իր արտացոլումը կգտնի նաև նոր Կառավարության ծրագրում, որի ղեկավարումն ինձ է վստահվել։ Միևնույն ժամանակ, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարմության օգտին։ Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ առանձին սահմանափակումներ և վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։

Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ-ն անշեղորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ «Մենք հետևողականորեն ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում։ Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների՝ ընդհանուր շուկա մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում»,-շեշտել է նա։

ՀՀ վարչապետի խոսքով՝ նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ երկրների քաղաքացիների և գործարար համայնքի վերաբերմունքի վրա։

«Ի վերջո, նման խնդիրները դադարում են առանձին անդամ պետության խնդիրները լինելուց։ Դրանք դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրը։ Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ժամանակին վերացնել առաջացող խոչընդոտները, կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը, նվազագույնի հասցնել հեղինակությանն առնչվող գործարար ռիսկերը, ինչպես նաև հետևողականորեն ամրապնդել փոխադարձ վստահությունը»,- հավելել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մի շարք ուղղություններով ԵԱՏՄ-ի սահմանած ռազմավարական նպատակները դեռևս ամբողջությամբ չեն իրագործվել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն նոր նախաձեռնությունների քննարկման, այլև արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման, համաձայնեցման ընթացակարգերի արագացման և ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31