Գերիների ծնողները վախենում են խոսել, վերադարձած գերիները չեն բարձրաձայնում․․․․«Փաստինֆո»
«Այն, որ մինչեւ հիմա Ադրբեջանում պահվող հայ գերիները չեն վերադարձվել Հայաստան, մեր կառավարության ոչ կոմպետենտության հերթական ապացույցն է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցը՝ անդրադառնալով այն փաստին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց դրա 8-րդ կետը մնում է չկատարված։
«Այսքան ժամանակ գերիների հետ կապված որտե՞ղ են խոսել։ Այս մարդիկ ոչինչ չեն կարողանում անել, իրենք իրենց վարած քաղաքականությամբ բերեցին հասցրեցին նրան, որ իրենք Արցախի անունը չտան, այս կառավարությունից ի՞նչ սպասելիք կարող ենք ունենալ, բացի այն, որ եթե նրանք ունենային մի փոքր արժանապատվություն, կթողնեն, կհեռանան։ Այսօր նա փողոցում քայլում է, իր հետեւից ասում են՝ դավաճան ու այդ մարդուն բերման են ենթարկում մի քանի ժամ պահում են բաժնում։ Այս կառավարությունն ամբողջովին իմպոտենտ կառավարություն է»,-ասում է Զաքունցը։
Հայաստանի իշխանության անգործության մասին Զաքունցը մի օրինակ է հիշեցնում՝ նշելով, որ Ցորի զորամասի զինծառայողների վերաբերյալ ինֆորմացիայով կրիչն իրենք ժամանակին փոխանցել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Աբազյանին, որպեսզի գտնեին զոհված տղաների հուղարկավորության վայրը եւ մարմինները հանձնեն հարազատներին, բայց, Զաքունցի խոսքով, արդյունք չեղավ, մինչեւ իրենք չդիմեցին ռուս խաղաղապահների գեներալ Եգորովին։
«Հիմա, այսքանից հետո, ես ի՞նչ մտածեմ մեր կառավարության մասին, ես մտածեմ, որ իրենք գործո՞ւմ են։ Կհիշեք Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե մեզ գերիներ պետք չեն։ Համոզված եմ , որ այդ տեսանյութը հենց այնպես չտարածվեց, այդ էլ իրենք կարգավորված դաշտ գցեցին»,-ասում է Զաքունցը։
Նրա խոսքով, մինչեւ այժմ՝ շուրջ մեկ ամիս անց իշխանությունը չի կարողանում դուրս բերել սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհվածների մարմինները։ «Իրենք ոչինչ չեն անում, Ջերմուկի պոստերում տղան կանգնած է, ասում է՝ մեր դիմացը մի զոհված զինվորի մարմին կա, չենք կարողանում մտնել, հանել։ Պետությունը ոչինչ չի անում, նա չի խոսում ո՛չ գերիների մասին, ո՛չ անհետ կորածների։ Դրածո վարչապետը մի առաջադրանք ունի՝ Հայաստանը վերջնականապես քանդել, ՌԴ-ից պոկել՝ ինչ գնով էլ, որ լինի»։
Զաքունցն ասում է՝ ի սկզբանե 44-օրյա պատերազմի զոհերի, անհետ կորածներրի ու գերիների վերաբերյալ կառավարության հայտնած թվային տվյալներն անվստահություն են առաջացրել իր մոտ այն բանից հետո, երբ դեռ պատերազմի ավարտից հետո հանդիպել էին Փաշինյանի հետ եւ այդ հանդիպմանը նա մի թիվ էր հրապարակել, որին այն ԳՇ ներակայացուցիչը հավելել էր 300 թիվը, ինչից երկու ամիս անց ԳՇ ներկայացուցիչն ազատվել էր պաշտոնից։
«Հրապարակում են զոհերի եւ անհետ կորածների երեք հազար ութ հարյուր քանի թիվը, բայց մենք չգիտենք, թե դա ինչ տվյալ է, որովհետեւ մինչեւ հիմա կառավարությունը չի հրապարակում զոհերի եւ անհետ կորածների անվանական ցուցակը։ Եթե այդ թիվը իրական է, ինչու՞ չեն անում։ Մոտ հազար զոհ ունենք Ղարաբաղից, արդյո՞ք այդ թիվը ներառված է իրենց հրապարակած թվի մեջ, ոչ ոք ոչ մի պատասխան չի տալիս։ Իշխանությունն ամեն բան անում է՝ կոծկելու իրական պատկերը»,-ասում է Եղիշե Զաքունցը։
Զոհված զինծառայողի հարազատը հույս ունի, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե Փաշինյանը հեռանա եւ նոր բանակցող գա։ Միեւնույն ժամանակ, Զաքունցը շեշտում է՝ այսօր գերիների ծնողները վախեցած են։
«Ծնողները վախենում են իրենց զավակների համար, այդ պատճառով էլ լուռ են։ Վերադարձած գերիները չեն բարձրաձայնում, բայց երբ նման հարցեր են լինում, Ադրբեջանում տղաներին խոշտանգում են։ Դուք նկատել եք, որ գերիների ծնողները լրատվականների հետ չեն շփվում, խնդիրներից չեն խոսում, նրանք վախենում են։ Ես հասկանում եմ իրենց , բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ ոչինչ չի փոխվելու, եթե բանակցողը չփոխվի, որովհետեւ որեւէ երկիր չի մտածելու մեր հայրենիքի, մեր զավակների մասին, եթե մեր իշխանությունն ինքը դրա մասին չի մտտածում»,-համոզմունք հայտնեց Եղիշե Զաքունցը։
Նշենք, որ պատերազմից 2 տարի անց հայ հասարակությունը չգիտի զոհերի, անհետ կորածների ու գերիների իրական թիվը։ Հրապարակվող տեղեկություններն իրարամերժ են։
2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի հետեւանքով 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է, դրանից վեց ամիս անց՝ 2022թ փետրվարի 9-ին, Փաշինյանը կրկին ԱԺ-ում հրապարակել էր նոր տվյալներ՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։ Իսկ, ահա, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալները, հայտնել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում:
Պաշտոնապես հաստատված տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 33 անձ դեռևս գտնվում է գերեվարման մեջ, իսկ սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանը պաշտոնականացրել էր եւս 17 գերիների, որոնց թվում, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տվյալներով, ներառված չեն եղել Իշխանասարում գնդակահարված հայ զինծառայողները, որոնք եւս գերի են ընկել։ Սիրանուշ Սահակյանի ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ իրականում գերիների թիվն ավելին է, քան պաշտոնապես հրապարակված թիվը։ Ըստ այդմ, պատերազմից գերեվարվել է մոտ 80 անձ, որոնց ճակատագրերը անհայտ են։
Պաշտոնական տվյալներով 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3825-ն է, բայց հասարակության շրջանում այս տվյալը վստահություն չի ներշնչում, խոսվում է ընդհուպ մինչեւ 5 հազար զոհի մասին։
Հավելենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության 8-րդ կետը սահմանում է, որ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակում: Այս պարտավորությունը Ադրբեջանը ցայսօր չի կատարել, թեեւ Հայաստանը հանձնել է իր մոտ գտնվող բոլոր գերիներին, այդ թվում՝ դիվերսիայի ու սպանությունների համար դատապարտվածներին։