Ոստիկանապետություն՝ սոցիալական պետության փոխարեն
2023 թվականին աննախադեպ ավելանալու է ՀՀ ոստիկանությանը հատկացվող պետական ֆինանսավորումը՝ շուրջ 15 տոկոսով կամ 10 միլիարդ դրամով։
Զուգահեռաբար՝ մեր երկրում շարունակում են աճել հանցագործությունները։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 27 տոկոսով կամ 5626 դեպքով։
Ի՞նչ է ստացվում։
Ոստիկանությունը իր բուն գործը՝ հանցագործությունների կանխարգելումն ու նվազեցումը թողած զբաղվել է հանրահավաքաները, անհնազանդության և բողոքի խաղաղ ակցիաները ցրելով, քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ իրականացնելով։
Այս ընթացքում էական աճ է գրանցել հանցագործությունների թիվը։
Իսկ օրվա իշխանությունը թռիչքաձև ավելացնում է ոստիկանության պարգևատրումներն ու պետական ֆինանսավորումը։
Փաստորեն, ոստիկանության ծրագրային բյուջետավորման հիմքում իրականում դրված են որակական գնահատման հետևյալ ցուցանիշները՝
- օրվա իշխանություններին անվերապահ նվիրվածությունը,
- ամեն գնով իշխանական խմբակի պաշտպանությունը,
- ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ ողջ ծավալով քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները։
Ոստիկանության պետական ֆինանսավորման իշխանական բանաձևն էլ հետևյալն է․
«անվերապահ և նվիրված պաշտպանի՛ր ինձ՝ աննախադեպ ֆինանսավորեմ քե՛զ, հակառակ դեպքում՝ կհիշե՛մ հանցագործությունների աճը, քո արատավոր անցյալը և այլն»։
Պարզ համեմատության համար առավել հատկանշական են սոցիալական ուղղվածության որոշ ցուցանիշներ, որոնք ներառված են 2023 թվականի պետական բյուջեի նախագծում, մասնավորապես՝
- խորացող աղքատության պայմաններում սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսավորումն աճելու է ընդամենը 10 տոկոսով՝ ոստիկանության ֆինանսավորման աճի տեմպից 1,5 անգամ պակաս չափով,
- աղքատության նպաստները չեն ավելանալու, իսկ կենսաթոշակի միջին չափն ավելանալու է 6-7 տոկոսով՝ ահագնացող և սպասվող բարձր գնաճին ոչ համարժեք։
- Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով տրամադրվող վարկի չափը նվազելու է այս տարվա սպասվողի համեմատ՝ 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով։
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ կուսակցության անդամ