Բաժիններ՝

Ապագա կյանքը

– Հա՛յր, քաղցրեղեն եմ բերել, որ քույրերին հյուրասիրեք:

– Մի տես է՜, ինչպե՜ս են ուրախանում: Մյուս կյանքում ասելու ենք. «Ի՜նչ հիմարություններով էինք ուրախանում: Այդ հիմարությունները որքա՜ն էին մեզ հուզում այն ժամանակ»: Իսկ հիմա, ո՜ւ, մեր սիրտն ուղղակի ցատկոտում է ուրախությունից:

– Հա՛յր, իսկ [այդ ուրախությունների ունայնությունն] ինչպե՞ս արդեն հիմա հասկանանք:

– Եթե դա հիմա հասկանաք, ապա մյուս կյանքում այդպես չեք ասի: Ինչ ուզում ես ասա, բայց այնտեղ՝ Երկնքում, լավ են ապրում: Գիտե՞ք, թե Երկնքում ինչ ձեռագործով են զբաղվում՝ Աստծու անդադար փառաբանությամբ:

– Հա՛յր, մահացած մարմինն ինչո՞ւ են «աճյուն» (մնացորդներ) անվանում:

– Որովհետև մարմինն այն է, ինչ մահից հետո մարդուց մնում է երկրի վրա: Հիմնական մարդը՝ հոգին, Երկինք է գնում: Գալիք Դատաստանի ժամանակ Աստված մարդու մարմինն էլ է հարություն տալու, որպեսզի նրա հետ միասին դատվի, որովհետև մարդն իր մարմնի հետ էր ապրել ու մեղք գործել: Ապագա կյանքում բոլորը միանման մարմին են ունենալու, հոգևոր մարմին: Բոլորը միևնույն հասակի են լինելու՝ և՛ կարճահասակները, և՛ բարձրահասակները: Բոլորը միևնույն տարիքի են լինելու՝ և՛ պատանիները, և՛ ծերունիները, և՛ նորածինները, քանի որ բոլոր մարդիկ միանման հոգի են ունենալու: Այսինքն՝ մյուս կյանքում բոլոր մարդիկ միևնույն հրեշտակային տարիքն են ունենալու:

– Հա՛յր, իսկ ապագա կյանքում դժոխքում գտնվողները կկարողանա՞ն դրախտում գտնվողներին տեսնել:

– Պատկերացրու, որ գիշերը սենյակում լույս է վառվում: Նրանք, ովքեր փողոցում են կանգնած, տեսնում են սենյակում գտնվողներին: Այդպես էլ դժոխքում գտնվողները տեսնելու են դրախտում գտնվողներին: Եվ դա նրանց համար ավելի մեծ տառապանք է լինելու: Եվ կրկին պատկերացրու. նրանք, ովքեր գիշերը լույսի մեջ են գտնվում, չեն տեսնում փողոցի խավարում կանգնածներին: Այդպես էլ դրախտում գտնվողները դժոխքում գտնվողներին չեն տեսնելու: Որովհետև, եթե դրախտում գտնվողները տեսնեին տանջվող մեղավորներին, ապա ցավ պիտի ապրեին, սգային նրանց բաժին հասած դառնության համար և չկարողանային դրախտը վայելել: Սակայն դրախտում «ցավ չկա…»: Նրանք, ովքեր դրախտում են, ոչ միայն չեն տեսնելու դժոխքում գտնվողներին, այլև նույնիսկ չեն հիշելու եղբայր կամ հայր ու մայր ունեին, թե ոչ, եթե նրանք իրենց հետ դրախտում չլինեն: «Եվ նույն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան» (Սղմ. 145:4),- ասում է սաղմոսերգուն: Քանի որ, եթե դրախտում գտնվողները հիշեն դժոխքում տառապող իրենց հարազատներին, ապա նրանց համար էլ ի՞նչ դրախտ կլինի: Եվ բացի այդ, դրախտում գտնվողները մտածելու են, որ ուրիշ մարդ չկա [բացի դրախտում եղողներից]: Նաև չեն հիշելու երկրային կյանքում գործած մեղքերի մասին: Եթե հիշեն իրենց մեղքերը, ապա բարեպաշտ լինելով՝ պիտի տառապեն այն մտքից, որ տրտմեցրել են Աստծուն:

Պետք է նաև նշել, որ դրախտում յուրաքանչյուր մարդ միևնույն չափով ուրախություն չի զգալու: Մեկը մի մատնոց ուրախություն է ունենալու, մյուսը՝ մի գավաթ, երրորդը՝ ուրախության մի ամբողջ լիճ: Սակայն յուրաքանչյուրն իրեն լիարժեք է զգալու, չի իմանալու, թե մյուսը որքան ուրախություն ու աստվածային խնդություն է զգում: Բարեգութ Աստված ամեն բան այդպես է դասավորել, որովհետև, եթե մեկն իմանար, որ մյուսն իրենից առավել ուրախություն է զգում, ապա դրախտը դրախտ չէր լինի, որովհետև այդժամ կսկսեին (երկրայինի նման նախանձությունները). նա ինչո՞ւ է ավելի մեծ ուրախություն զգում, քան ես: Այսինքն՝ յուրաքանչյուրն Աստծու փառքն ըստ իր հոգևոր աչքերի մաքրության է տեսնելու: Սակայն հոգևոր տեսողության (Աստծու փառքի) այդ սրությունն Աստծու կողմից որոշված չի լինելու: Դա կախված է լինելու առանձին, յուրաքանչյուր մարդու մաքրությունից:

– Իսկ ահա ոմանք, հա՛յր, չեն հավատում, որ դժոխք ու դրախտ գոյություն ունեն:

– Չե՞ն հավատում, որ դժոխք ու դրախտ գոյություն ունեն: Բայց, եթե դրախտն ու դժոխքը գոյություն չունեն, ապա ննջեցյալներն ինչպե՞ս կարող են անէության մեջ գոյություն ունենալ: Չէ՞ որ նրանք հոգիներ են: Աստված անմահ է (Իր էությամբ), իսկ մարդն անմահ է՝ ըստ Աստծու շնորհի: Հետևաբար, դժոխքում նույնպես անմահ է լինելու: Բացի այդ, մեր հոգին նույնիսկ այս երկրային կյանքում ինչ-որ չափով վերապրում է դրախտը կամ դժոխքը՝ համապատասխան այն վիճակին, որում գտնվում է: Եթե խղճի խայթը տանջում է մարդուն, եթե նա վախ, շփոթմունք, հոգեկան անհանգստություն, հուսահատություն է զգում կամ համակված է ատելության, նախանձի և նման այլ ախտերով, ապա (դեռևս երկրային կյանքում) դժոխային տանջանքների մեջ է ապրում: Իսկ եթե մարդու մեջ սեր, ուրախություն, խաղաղություն, խոնարհություն, բարություն և նման այլ հատկանիշներ կան, ապա նա դրախտում է ապրում: Հոգին է ողջ հիմքը: Որովհետև նա է զգում և՛ ուրախությունը, և՛ ցավը:

Փորձիր հանգուցյալին մոտենալ ու նրա համար ամենահաճելի բաներն ասել, օրինակ. «Ամերիկայից եղբայրդ է եկել», կամ դրա նման մի բան: Նա ոչինչ չի հասկանա: Իսկ եթե հարձակվես նրա վրա, կոտրես ձեռքերն ու ոտքերը, ապա կրկին ոչինչ չի հասկանա: Դրանից հետևում է, որ մարդու մեջ զգում է ոչ այլ ինչ, քան՝ հոգին: Մի՞թե այս ամենը չի ստիպում, որ այն մարդիկ, ովքեր կասկածում են դժոխքի ու դրախտի գոյությանը, մի քիչ մտածեն: Կամ, ենթադրենք, որ դու մի հրաշալի, հաճելի երազ ես տեսնում: Ուրախանում ես, սիրտդ քաղցրորեն զարկում է և չես ուզում, որ այդ երազն ավարտվի:

Արթնանում ես ու ափսոսում, որ արթնացել ես: Կամ վատ երազ ես տեսնում: Օրինակ՝ տեսնում ես, որ ընկել ու կոտրել ես ոտքերդ, երազում տառապում ես, լաց լինում: Վախից արթնանում ես թաց աչքերով, տեսնում, որ քեզ հետ ոչինչ չի պատահել և ուրախությամբ բացականչում ես. «Փա՜ռք Աստծու, որ երազ էր»: Այսինքն՝ հոգին է դրան մասնակից լինում: Վատ երազ տեսնելով՝ մարդ ավելի է տանջվում, քան իրականում կտանջվեր, այնպես, ինչպես հիվանդը գիշերն ավելի է տանջվում, քան ցերեկը: Այդպես էլ, երբ մարդ մահանա ու դժոխքի տանջանքի մեջ հայտնվի՝ դա նրա համար շատ ավելի ցավալի կլինի (քան դժոխային տառապանքի այն վիճակը, որ հնարավոր է այստեղ՝ երկրի վրա էր զգում): Պատկերացրեք, որ մարդ անընդհատ մղձավանջ է տեսնում ու հավիտյանս տառապում է: Նույնիսկ մի քանի րոպե չես կարող մղձավանջային երազին դիմանալ: Իսկ պատկերացրու, Աստված մի՛ արասցե, (հավիտենական) վշտի մեջ ես գտնվում: Այդ պատճառով էլ ավելի լավ է դժոխք չընկնել: Ի՞նչ կասեք դրա մասին:

– Հա՛յր, այսքան ժամանակ պայքարում ենք, որպեսզի դժոխք չընկնենք: Իսկ Ձեր ասելով ի՞նչ է դուրս գալիս, որ ընկնելո՞ւ ենք:

– Եթե խելք չունենանք, ապա կընկնենք: Ահա՛, թե ինչ կմաղթեմ մեզ. եթե դրախտ, ապա բոլորս, իսկ եթե դժոխք, ապա ոչ ոք… Ճի՞շտ եմ ասում, թե՞ ոչ: Շատ անշնորհակալ կլինի, որ այն ամենից հետո, ինչ Աստված է մեզ՝ մարդկանց համար արել, դժոխք ընկնենք ու վշտացնենք Նրան: Աստված մի արասցե, որ ոչ միայն մարդը, այլև թռչունը դժոխք ընկնի:

Թող Բարեգութ Աստված մեզ ապաշխարություն տա, որպեսզի մահը մեզ հոգևոր լավ վիճակում վրա հասնի և մենք կրկին Նրա Երկնային Արքայությունը վերադառնանք: Ամեն:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս