«Ըստ ավետարանական ասույթի` «չար ծառը՝ բարի պտուղ չի տա», այդպես էլ դավադիր իշխանությունը՝ հայրենանվեր գործեր չի ունենա»․ Լևոն Նազարյան
Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ ավետարանական ասույթի` «չար ծառը՝ բարի պտուղ չի տա», այդպես էլ դավադիր իշխանությունը՝ հայրենանվեր գործեր չի ունենա։ Երեկվանից աշխատանքներն է շարունակում․ ուշադրություն՝ «Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը»։ Փաստացի հրաժարվել են «Հայաստան–Սփյուռք համաժողով» անվանումից և դա արել են իրենց թուրքասորոսական տերերի պատվերով։
Սույն հավաքը Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնության և աշխարհում հայկական օրակակարգն առաջ մղելու համար չէ նախատեսված, հակառակը՝ միտված է գլոբալիզացիոն օրակարգերը հայկական ցանացային իրականություն մտցնելուն և սփյուռքը՝ դրան ծառայեցնելուն։ «Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից» իր թուրքական շուրթերից ու բաց տեքստով հայտարարել է կապիտուլյանտը․․․
Այսինքն, ըստ սրա, համաշխարհային ցանցային ազգերից մեկը՝ հայերս, մեր օրակարգը պետք է կառուցենք ոչ թե մեր, այլ այլոց՝ մասնավորապես իր արտաքին տերերի կամքից ելնելով։ Արցախը դավադրաբար կործանման եզրին հասցնելուց հետո, կապիտուլյանտն արդեն սփյուռքին է առաջարկում դառնալ թուրքական առաջնահերթությունների ու գլոբալիստական շարժման կատարածուներ։
2016թ․-ին Ալիևն, իրեն ճնշելու հայտնի հայտարարության մեջ, այդ ճնշումը պայմանավորել էր համաշխարհային ուժային կենտրոններում հայկական սփյուռքի ազդեցությամբ։ Հետևաբար, եթե դրան գումարենք թուրքիայի գլխին կախված հայ դատի մահակն ու Զարեհ Սինանյանի մոնոէթնիկ պետությունից, Հայաստանը՝ տարաբնույթով ազգություններով լցված ու հայկական շահերից դատարկված տարածք դարձնելու ձգտումը, ապա սկսում են պարզ երևալ պատվիրատուների ականջները, այս դեպքում՝ բեղերը։
Էրդողանի ու Չավուշօղլուի գիրկը թռնելու և թուրքական կողմի շահերը սպասարկելու ու նրանցից երաշխիքներ ակնկալելու համատեքստում, կապիտուլյանտն արդեն այս տրանշով գնում է սփյուռքը զոհաբերելու ճանապարհով։ Մոռացության է մատնված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված արշավը, ինչը գոյաբանական շաղախի դեր ունի սփյուռքի հայկական կառույցների համար։ Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ խորհրդային, միութենական Հայաստանը մերժեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը մարզահամերգային համալիրում անցկացնելու առաջարկը՝ հղում տալով, Ծիծեռնակաբերդի կողքին թուրքական դրոշի բարձրացման անթույլատրելիության մասին, սփյուռքյան կառույցների պահանջին։
Նման անտեր ու դուրս գագաթաժողովներով՝ այլևս ակնհայտ է, որ սրանք գնում են Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնությունը ապամոնտաժելու ճանապարհով։ Ինչքան էլ զավեշտալի է, բայց գագաթնաժողովին հրավիրված չէ սփյուռքի բազուկը՝ ՀՅԴ-ն։ Գագաթաժողովի խայտառակությունն ու թվարկածս փաստերի իրավացիության վկայությունն է այն, որ մասնակցելուց հրաժարվել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Դավադիրներն անում են ամեն ինչ պառակտելու համար սփյուռքի մեր գաղթօջախները, օրինակ՝ մասնակցության չհրավիրելով Դաշնակցությանը, հրավիրել են հնչակյաններն ու ռամկավարները։ Բացի ավանդական կուսակցությունների պատմական մրցակցությունը կրկին հրահրելուց, սրանք սփյուռքի ամբողջականությունը թուլացրեցին «նախկին-ներկա», «սև-սպիտակ» թեզերը, դուխովականությունն ու մաղձը սփյուռքի կենտրոններ արտահանելով՝ ի դեմս Լոսի Քիսոների ու Մոսկվայի փիսոների։
Թուրքական տերերի օրակարգը առաջ մղելիս՝ սրանք կոտրեցին Հայաստանի ու Արցախի նկատմամբ սփյուռքահայության հավատը։ Հողին հավասարացրեցին սփյուռքի հայրենակիցների կողմից իրենց թիկունքում ամուր ու հզոր պետություն ունենալու զգացումը։ Կապիտուլիացիա ստորագրելով՝ սփյուռքի մեր հայրենատենչ հայրենակիցներին, սրանք, սոսկ գաղթականների վերածեցին։
Իրենց անթասիբությամբ ու կապիտուլյանտականությամբ խայտառակ արեցին հայ ժողովրդին ողջ աշխարհի աչքի առջև։ Հայաստանի ղեկին քաղաքական դիակի առկայությունը բերեց նրան, որ շատ ու շատ մեր հայրենակիցներ գլխիկոր են շրջում թուրքերի և ադրբեջանցիների մոտ, օրինակ՝ ռուսական խոշոր քաղաքներում։
Բոլորիս աչքի առջև, սրիկայաբար, պատերազմի կարիքների հոգածությանն ուղղված սփյուռքահայ մեր հայրենակիցների հանգանակությունը, պարգևավճարների տեսքով մեջ-մեջ անելուց հետո, սփյուռքը վերջին երկու տարվա ընթացքում իրավացիորեն հրաժարվել է գումար փոխանցել կամ որևէ ներդրում իրականացնել մայր հայրենիքում։ Եվ սա այն դեպքում, երբ անկախության հռչակումից հետո, Քրք Քրքորյանի, Շառլ Ազնավուրի, Էդուարդո Էռնեկյանի և այլոց ֆինանսական աջակցությունը կենսական նշանակություն է ունեցել։
Եվ այսքանով հանդերձ, կիսաաղանդավորական հավաքի նմանվող սույն սամմիթի բացմանը կապիտուլյանտը համարձակվել է առանձնացնել Հայաստան – Սփյուռք հարաբերությունների իր պատկերացրած ամենամեծ սխալը․․․Ամենամեծ սխալը, որը երբևէ թույլ է տվել հայ ժողովուրդը, դա ինքդ ես Նիկոլ, ավելի մեծ քան Վեստ Սարգիսը, ավելի ահավոր քան Անհողին Դավիթը և ավելի աղաղակող քան Մերուժան Արծրունին»։