ՈՒՂԻՂ. Համաշխարհային հայկական գագաթնաժողո՞վ, թե՞…

Հոկտեմբերի 28-31-ին Երևանում անցկացվում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

Ինչպես նշվում է գագաթնաժողովի պաշտոնական կայքէջում՝ «Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները»:

Հատկանշական է, սակայն, որ այս համընդհանուր մարտահրավերներն ու խնդիրները քննարկելու համար հարվիրվել են Սփյուռքի ընտրովի ներկայացուցիչներ և որքան էլ տարօրինակ է, Սփյուռքի ավանդական շատ կառույցներ, Հայաստանի և Արցախի համար մեծ ներդրում ունեցող շատ անհատներ չեն հրավիրվել համաժողովին:

Գագաթնաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, չեն մասնակցելու «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչները:

Երեկ, Հայաստանի ազգային պատկերասրահում բացման ընդուելության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Զարեհ Սինանյանը:

Լոս Անջելեսում լույս տեսնող «Կալֆորնիա քուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը այդ գաագաթնաժողովի մասին գրել է.

«Գագաթնաժողովի կազմակերպիչների անլրջության մասին է վկայում այն փաստը, որ հանդիպումների չորս օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ է հատկացվում Արցախին»։
Նշենք, որ հայաստանյան ընդդիմությունը և արտերկրի հայ գործիչները բազմիցս քննադատության են ենթարկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, որն, ըստ շատերի, արտերկրում աջակցում է միայն այն հայկական կազմակերպություններին, որոնք սատարում են Հայաստանի ներկա իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովը պարբերաբար իրականացվում է 1999 թվականից սկսված։ Վերջինն անցկացվել է 2017 թվականին: Հատկանշական է, որ Համահայկական գագաթնաժողովի կազմակերպումը 2018թ․-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պարբերաբար տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էր, իսկ Կառավարության կողմից ընդունված որոշման մեջ որպես պատճառաբանություն նշվում էր համավարակն ու պատերազմը։ Այս տարի որոշում է կայացվել նվազեցնել մասնակիցների քանակը՝ այն հասցնելով 600-ի։ Այս որոշումը Կառավարությունը հիմնավորում է «որակ, այլ ոչ թե քանակի ապահովելու» նպատակով մինչդեռ ակնհայտ է, որ մասնակիցների քանակի կրճատումը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների էական խզումով՝ մասնավորապես գործող իշխանությունների և Սփյուռքի ավանդական կառույցների, կրոնական համայնքների և մեծանուն գործիչների միջև լարված հարաբերություններով։

Միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ գումար, իսկ ժամանակի սղության և աշխատանքի ծավալների պատճառով թույլատրել գնման գործընթացն իրականացնել «Հրատապ մեկ անձից»։ Ընդ որում, «Համահայկական մասնագիտական համաժողովների անցկացում» միջոցառման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր 129.3 մլն. դրամ, ինչի արդյունքում տարբերությունը՝ 179.6 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից: Սակայն ակնհայտ է, որ նման զանգվածային միջոցառումները նախապատրաստվում են նախօրոք, ոչ թե հապճեպ, բուն միջոցառումից մոտ 2 շաբաթ առաջ՝ մեկ անձից գնումների կատարման միջոցով, ինչն ակնհայտ կոռուպցիոն ռիսկ է պարունակում։

Որպես համեմատություն` 2017թ․-ին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ եռօրյա համաժողովին մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ աշխարհի 70 երկրից։ 2017թ․-ին hամաժողովի անցկացման համար ծախսվել էր 85 միլիոն դրամ (մոտ 178 հազար դոլար), որը հատկացվել է բյուջեից և Կառավարության պահուստային ֆոնդից: Այսինքն ստացվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը 2017թ․-ի համեմատ 2,5 անգամ կրճատվում է, սակայն ծախսերը ավելի քան 3,5 անգամ ավելանում։

Տեսանյութեր

Լրահոս