Կոռուպցիոն ռիսկեր և վիճելի արդյունավետություն․ Երևանը պատրաստվում է Համաշխարհային հայկական համաժողովին
Ս․թ․ հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը՝ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը, համահայկական նշանակության խնդիրների համատեղ լուծման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ռազմավարության ուղենիշների սահմանմանը:
Հարկ է հիշել, որ Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովը պարբերաբար իրականացվում է 1999 թվականից սկսված։ Վերջինն անցկացվել է 2017 թվականին: Հատկանշական է, որ Համահայկական գագաթնաժողովի կազմակերպումը 2018թ․-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պարբերաբար տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էր, իսկ Կառավարության կողմից ընդունված որոշման մեջ որպես պատճառաբանություն նշվում է համավարակն ու պատերազմը։ Այս տարի որոշում է կայացվել նվազեցնել մասնակիցների քանակը՝ այն հասցնելով 600-ի։ Այս որոշումը Կառավարությունը հիմնավորում է «որակ, այլ ոչ թե քանակի ապահովելու» նպատակով մինչդեռ ակնհայտ է, որ մասնակիցների քանակի կրճատումը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների էական խզումով՝ մասնավորապես գործող իշխանությունների և Սփյուռքի ավանդական կառույցների, կրոնական համայնքների և մեծանուն գործիչների միջև լարված հարաբերություններով։
Միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ գումար, իսկ ժամանակի սղության և աշխատանքի ծավալների պատճառով թույլատրել գնման գործընթացն իրականացնել «Հրատապ մեկ անձից»։ Ընդ որում, «Համահայկական մասնագիտական համաժողովների անցկացում» միջոցառման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր 129.3 մլն. դրամ, ինչի արդյունքում տարբերությունը՝ 179.6 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից: Սակայն ակնհայտ է, որ նման զանգվածային միջոցառումները նախապատրաստվում են նախօրոք, ոչ թե հապճեպ, բուն միջոցառումից մոտ 2 շաբաթ առաջ՝ մեկ անձից գնումների կատարման միջոցով, ինչն ակնհայտ կոռուպցիոն ռիսկ է պարունակում։
Որպես համեմատություն` 2017թ․-ին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ եռօրյա համաժողովին մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ աշխարհի 70 երկրից։ 2017թ․-ին hամաժողովի անցկացման համար ծախսվել էր 85 միլիոն դրամ (մոտ 178 հազար դոլար), որը հատկացվել է բյուջեից և Կառավարության պահուստային ֆոնդից: Այսինքն ստացվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը 2017թ․-ի համեմատ 2,5 անգամ կրճատվում է, սակայն ծախսերը ավելի քան 3,5 անգամ ավելանում։
Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացումը Արցախում կարող էր շատ կարևոր ուղերձ պարունակել, մինչդեռ գործող իշխանություններն ակնհայտորեն խուսափել են այդպիսի հնարավորությունից, որը հակասում է իրենց այսպես կոչված «խաղաղության օրակարգին»։ Այնուամենայնիվ, այդ բացը կարելի է որոշակիորեն լրացնել, օրինակ, համաժողովի նիստերից մեկը Արցախում անցկացնելու կամ Արցախի հարցի հետ կապված հստակ եզրափակիչ հռչակագրի ընդունման միջոցով, որը չի հակասի Հայաստան-Սփյուռք նախորդ համաժողովների՝ մասնավորապես 2015թ․-ի համաժողովի հռչակագրին՝ այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների մասով։
Ցավոք, ակնհայտ է, որ գործող իշխանությունները կխուսափեն նույնիսկ վերոհիշյալ քայլերից, քանի որ իրենց նպատակը ոչ թե համահայկական ներուժն իրական համազգային շահերին ծառայեցնելն է, այլ Սփյուռքում պառակտումն էլ ավելի խորացնելը, ու նմանատիպ միջոցառումները սեփական նեղ քաղաքական շահերին ծառայեցնելը։