Բաժիններ՝

«Նահանջ չկա՛, կռվում ենք մինչև վերջին շունչը․․․»․ հարազատները Լյովա Սահակյանին գտել են զոհվելուց 1 ամիս անց՝ 4 հրազենային վիրավորումով

2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու  սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, 36-ամյա Լյովա Սահակյանը։

Լյովան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից էր, ամուսնացած էր, ունի 3 երեխա․

«Ախպերս 2010 թվականին էր ամուսնացել, ունի 1 աղջիկ և 2 տղա։ Մեծը աղջիկն է՝ 12 տարեկան, միջնեկ տղան 6 տարեկան է, այս տարի 1-ին դասարան գնաց, փոքր տղան էլ 3 տարեկան է։ Մինչև 2019 թվականը գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում, իր սեփական բիզնեսն էր հիմնել։

Կարդացեք նաև

2019 թվականին ախպերս որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայության անցավ Զինված ուժերում։ Իր առաջադիմության և բարձր գիտելիքների համար այս տարվա ապրիլի 1-ին նախարարի հրամանով լեյտենանտի կոչում շնորհվեց նրան։ Եղել է ականանետային մարտկոցի երկրորդ ականանետային դասակի հրամանատար, Կուտականի դիրքերում էր ծառայում։ Իր տեսակով հանգիստ մարդ էր, մեծ համբերատարություն ուներ, նաև իր մեջ հայրենասիրական ջիղ կար, չէր անի այնպիսի  քայլ, որը կարող էր վնասել հայրենիքը, պետությունը, ընտանիքը․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհված Լյովա Սահակյանի հարազատ եղբայրը՝ Գևորգ Սահակյանը, որը նույնպես ծառայում է Զինված ուժերում։

Գևորգը պատմեց, որ կռվի ժամանակ նահանջ հրաման է եղել, սակայն եղբայրը չի կատարել հրամանը և մինչև վերջին շունչը կռվել է՝ պաշտպանելով հայրենի հողը․

«Ասել է՝ դիրքը չե՛մ թողնելու, կռվելու եմ մինչև վերջին շունչը։ Կռվի ժամանակ՝ հրետանու արկերի տակ, որ պետք է անձնակազմի հետ թաքստոցում լիներ, ինքը անձնակազմին մտցրել է թաքստոց ու մենակով ականանետերից կրակել է, երբ թշնամու կրակոցները դադարել են, նորից անձնակազմին դուրս է հանել, ու սկսել են կրակել, 180 արկ են կրակել»։

Զոհված սպայի եղբայրը պատմեց, որ թշնամու հարձակումից 1 օր առաջ էր ինքը եկել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որպեսզի վերապատրաստման կուրսեր անցներ, բայց կռվի մասին լսելուն պես շտապել է առաջնագիծ՝ Լյովայի դիրք․

«Միանգամից եկա, որ միանամ ախպորս, բայց ճանապարհին հակառակորդի դիվեսիան նստած էր, «զասադ»-ի մեջ ընկանք (դարանակալման.- Ն․Խ.)։ Դա ախպորս դիրքից 1 կիլոմետր  ներքև էր՝ դեպի մեզ։ Ես թևից վիրավորվեցի, չկարողացա հասնեմ ախպորս։ Մինչև հասել եմ Վարդենիս, ամեն րոպե կապի մեջ եմ եղել հետը, հատ առ հատ ամեն ինչից տեղյակ եմ։ Վերջին անգամ սեպտեմբերի 13-ի գիշերը՝ հարձակումից 3 ժամ անց՝ 3։30-ի սահմաններում եմ խոսել ախպորս հետ։ Համ ես էի խնդրում, համ հրամանատարական կազմը՝ գնդի հրամանատարը, գումարտակի հրամանատարը, բոլորը պահանջում էին՝ նահանջ։ Նույնիսկ խնդրում էին, որ նահանջի, բայց Լյովը չենթարկվեց ոչ մեկիս։ Էդ ժամանակ անգամ ասեցի՝ վիրավոր եմ, հետ արի, թիկունքով միացի ինձ, գոնե ինձ փրկի, ախպերս, պատասխանը բնականաբար նույնն էր՝ նահանջ չկա, էսօր մեր օրն է, կռվում ենք մինչև վերջին շունչը։ Ասաց՝ ես էլ եմ վիրավոր, Գև ջան, բայց կռվում ենք մինչև վերջին շունչը, հետ գնալ չկա․․․»։

Լյովայի ընտանիքի անդամները, հարազատները երկար ժամանակ տեղեկություն չեն ունեցել նրանից, մտածել են՝ գերի է ընկել, բայց հոկտեմբերի 10-ին ԴՆԹ փորձաքննության պատասխանը եկել է, հաստատվել, որ Լյովան զոհվել է․

«Հայրս ու մայրս ԴՆԹ անալիզ էին հանձնել, ու մոտ 1 ամիս անց պատասխանը եղավ․․․ Դատաբժշկի եզրակացությունը վերցրել ենք, ախպերս 4 տեղից հրազենային վիրավորում է ստացել ու զոհվել է, անձնակազմն էլ իր հերթին, ոչ մեկը չի փրկվել, բոլորը զոհվել են, որոնցից մեկը եղել է մեր հարազատ հորաքրոջ որդին՝ Սաղաթել Սարգսյանը, մեկը՝ մեր «դվայորդնի» ախպոր տղան էր՝ Արմեն Մխեյանը․․․»։

Լյովա Սահակյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Ծովակ գյուղի գերեզմանատանը։

Տեսանյութեր

Լրահոս