«Մնալու ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի ցուրտ և մռայլ օրվա մեջ, քանի դեռ չենք փոխել պարտության դեմքին»․ Գեղամ Նազարյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով Հայաստանում և Արցախում առկա իրավիճակին՝ ասաց, որ ամեն ինչ սկսվել է ասֆալտին փռելու և նույնաբովանդակ այլ գործողություններից.

«Ամեն ինչ սկսվեց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու սպառնալիքներից, կաթողիկոսի դեմ ուղղված ստոր գործողություններից, բանակի հրամանատարական կազմին վարկաբեկելու համառ և ժրաջան փորձերից, սեփական կետից բանակցելուց և դիվանագետներին օտարի կոշիկը լիզելու մեջ մեղադրելուց։

Հետո եղավ ողբերգությունը, աղետը, արհավիրքը։ Այն ավելի դաժան էր լինելու, եթե չլիներ հայ զինվորի, հայ սպայի կամքը, խիզախությունը, քաջությունը, հերոսությունը, որից անգամ թշնամին զարմացավ։ Ցավն ու ողբերգությունն այն է, որ մենք չշրջեցինք պարտության էջը և չթևակոխեցինք վերականգնման անհրաժեշտ փուլ։ Որոշեցինք անհեթեթ և կործանարար փորձարկում իրականացնել, որը աշխարհը չէր տեսել, որից աշխարհը զարմացավ։ Նույնիսկ մայիսի 12-ի, նոյեմբերի 16-ի, սեպտեմբերի 13-ի իրադարձություններից հետո անհրաժեշտ հետևություններ չարվեցին։

Ավելին, նույն անձնավորությունը, որը դեռ մինչև պատերազմը սկսել էր հայ զինվորականին վարկաբեկելու գործը, հայտարարեց, թե պատերազմի ժամանակ հզոր զենքերից պլատաներ են գողացել, իսկ հետո հայ ազգի բարեկամ Զատուլինի մուտքը Հայաստան համարվեց անցանկալի։

Կարդացեք նաև

Հերի՛ք է, բավակա՛ն է, կա՛նգ առեք, սթափվե՛ք, և վերջապես հասկացե՛ք, մուրալով, աղերսելով, ծնկի գալով՝ խաղաղություն չե՛ն ստանում, մոռացե՛ք դրա մասին։ Խաղաղության հասնում են արժանապատիվ պահվածքի և կեցվածքի, դրան ուղղված քայլերի և գործողությունների արդյունքում։ Միայն խելագարն ու խելացնորն է երազում պատերազմի մասին, բայց նույնպիսի խելագարություն է ակնկալել, որ ծնկի գալով՝ խաղաղություն կստանաս․․․

Մենք անդադար մնալու ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի ցուրտ և մռայլ օրվա մեջ, քանի դեռ չենք փոխել պարտության դեմքին։

Ասում են՝ բա 680.000-ը, 680.000-ին խոստացել էին՝ Շուշի և Հադրութ, ոչ թե սեպտեմբերի 13 և 200-ից ավելի նոր զոհ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս