Լֆիկացում, մրցակցության իմիտացիա, կոռուպցիոն ռիսկեր. ի՞նչն է միավորում պետգնումների մրցույթներում հաղթող 4 ընկերություններին

Աղմկահարույց դրամաշնորհներ, ոչ մրցակցային՝ մեկ անձից կատարվող գնումների էական ավելացում, իշխանություններին փոխկապակցված ընկերությունների կողմից խոշոր գործարքների իրականացում, կոռուպցիոն ռիսկեր. իշխանությունների այս «ձեռքբերումների» մասին լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ ահազանգել են:

168.am-ը պարբերաբար անդրադառնում է գնման գործընթացներին առնչվող այս դրվագներին. հերթականի մասին՝ ստորև.

«ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» ՍՊԸ

Դեռ օգոստոսին 168.amանդրադարձել էր «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացումն ապահովելու համար հերթական խոշոր դրամաշնորհին. 20 միլիոն 107.000 դրամ էր հատկացվել 2019թ. սեպտեմբերի 24-ին հիմնադրված և Ստեփանավան քաղաքում գրանցված «Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ-ին:

Նշել էինք, որ ՍՊԸ-ն նույն տարում արդեն երկրորդ անգամ է «արժանանում» դրամաշնորհի. առաջինը՝ 2022թ. մարտի 11-ին էր, երբ «Կոնցեպտ Իվենթս»-ին հատկացվել էր 24 միլիոն դրամ 365 հազար 380 դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի անցկացման միջոցառումը կազմակերպելու համար, և որ դրամաշնորհներից զատ՝ գնման գործընթացներում հաճախ հաղթող այս ընկերությունը գրեթե բոլոր կարևոր միջոցառումների «զարդն» է Երևանի Քաղաքապետարանում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում, հասցրել է ծառայություններ մատուցել նաև վարչապետի աշխատակազմում և Առողջապահության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններում:

Ի դեպ, այս ընկերության հետ գնման ընթացակարգերից մի քանիսը եղել են մեկ անձից կատարվող գնման ձևով:

Հիշեցնենք, որ պետական գնումների ոլորտը միշտ էլ համարվել է ամենառիսկայիններից մեկը, իսկ 2018թ. իշխանափոխությունից հետո կտրուկ ավելացել են մեկ անձից կատարվող պետական գնումները, որը մեծ է կոռուպցիոն ռիսկերով:

«ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ

Օրերս տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ «Ներուժ» ծրագրի համար էլ 19 միլիոն 100 հազար դրամ դրամաշնորհի է արժանացել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆԸ», որը «երջանիկ պատահականությամբ» կրկին Ստեփանավան քաղաքում է գրանցված:

Բայց սա դեռ ամենը չէ՝ հոկտեմբերի 6-ին կնքված դրամաշնորհի պայմանագրից զատ՝ այս ընկերությունը հոկտեմբերի 11-ին նույն նախարարության հետ կնքում է հրատապ մեկ անձից ընթացակարգով մեկ այլ՝ 19 միլիոն 750 հազար դրամ գնով պայմանագիր՝ կրկին նույն ծրագրի շրջանակներում ինչ-ինչ գործառույթներ իրականացնելու դիմաց:

Հատկանշական է, որ այս նույն ընկերությունը ԿԳՄՍ-ից հենց այս տարում՝ մայիսի 23-ին 25 միլիոն 509 հազար դրամ դրամաշնորհ էր ստացել Աննա Հակոբյանի ամուսնու՝ «ՀՀ վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի անցկացում» միջոցառումը կազմակերպելու համար։

Եվ ինչպես առաջին՝ «Կոնցեպտ Իվենթս» ընկերության դեպքում, «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ»-ը ևս տասնյակ պայմանագրերով՝ այդ թվում՝ մեկ անձ և հրատապ մեկ անձից ընթացակարգերով ծառայություններ է մատուցել Երևանի քաղաքապետարանին, ԿԳՄՍ, Արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, Կադաստրի կոմիտեին, երբեմնի Սփյուռքի նախարարությանը (2019 թ.):

Ի դեպ, վերջինի դեպքում ընկերությունը հանդես է եկել «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ի դեմքով, որը դարձյալ գրանցված է քաղաք Ստեփանավանում՝ «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հասցեում:

«ՊԵՑՑՈ ՍՊԸ»

Այս ընկերությունը դեռևս պետությունից դրամաշնորհ չի ստացել, բայց տասնյակ պայմանագրեր է կնքել մեկ անձից գնման ընթացակարգով և 1 պայմանագիր՝ հրատապ մեկ անձից ընթացակարգով՝ այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ:

Իսկ ի՞նչն է միավորում այս 4 ընկերություններին՝ բացի գրանցման քաղաք Ստեփանավանից. պարզվում է՝ այս երեք ընկերությունները նույն փազլի տարբեր հատվածներն են և փոխկապակցված են միմյանց հետ. բոլորն առնչվում են «Գևորգիան հոլդինգի» հիմնադիր Վլադիմիր Գևորգյանի անվան հետ:

Նկատենք՝ «Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ-ն անգամ գրանցված է այն հասցեում, որտեղ գրանցված են Վլադիմիր Գևորգյանը և «ՊԵՑՑՈ ՍՊԸ» տնօրեն Ավետիկ Գևորգյանը ու ընտանիքի այլ անդամներ, իսկ այս ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վերգինե Մովսիսյանը, ղեկավարում է «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ»-ը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Ավետիկ Գևորգյանը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊ-ի նախընտրական ցուցակում էր:

Ասել է թե՝ պետության հետ պայմանագրեր են կնքվում «տարբեր դեմքերով, բայց նույն ձեռքով»: Այս պրակտիկայի նախահայր կարելի է համարել մինչ 2018-ի հեղափոխություն կոչվածը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի հակահերոս, օլիգարխ, իսկ հեղափոխությունից հետո արդեն սիրելի հերոսի վերածված Սամվել Ալեքսանյանին (Լֆիկին): Ասում են՝ ժամանակին հենց Սամվել Ալեքսանյանն էր մանր ԱՁ-ներով խոշոր «ձկներ բռնում»:

168.am-ը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են ընկերությունները մասնատելու համար հիմք հանդիսացող հավանական պատճառները:

Ի պատասխան՝ մասնագետը մանրամասնեց.

«Տարբերակներից մեկը հարկերից խուսափումը կարող է լինել. եթե նոր առաջացած դուստր կազմակերպությունները չեն գերազանցում 115 միլիոն ՀՀ դրամը, ապա այդտեղ ակնհայտ կա հարկերից խուսափման դրդապատճառ (մինչև 115 միլիոն ՀՀ դրամ շրջանառությունը հարկվում է 5 տոկոս դրույքաչափով, 115 միլիոնից բարձր՝ մտնում են ընդհանուր հարկման դաշտ, որը ենթադրում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկի վճարում, 18 տոկոս շահութահարկի վճարում):

Մյուս պատճառը՝ տենդերների մասնակցության շահագրգռվածությունն է. երբեմն պայմանավորվում են պետական մարմինների հետ՝ տեխնիկական բնութագրերի, պահանջների շարադրման վերաբերյալ, և այնտեղ անհրաժեշտ է լինում մի քանի կազմակերպությունների մասնակցություն, որպեսզի մրցույթը համարվի առավել օբյեկտիվ: Նման դեպքերում մասնատում են կազմակերպությունը, որովհետև անհրաժեշտ է լինում պատմություն. արհեստական կազմակերպություններ են ստեղծում, որոնք հանդիսանում են մայր կազմակերպության իրավահաջորդները, հետևաբար՝ նրանց պատմությունը կարելի է համարել ավելի երկարատև՝ պայմանավորվելով, որ դրանցից մեկը պետք է շահի:

Հաջորդ դրդապատճառը՝ գործունեությունների տարանջատման և իրենց կառավարման համար է. սա ներքին խնդիր է: Երբ մեծ հոլդինգները բազմապրոֆիլ գործունեություն են ծավալում, շատ դեպքերում մեկ անձին դժվար է լինում կառավարման ոլորտում (ինչը հանդիպող երևույթ է՝ թե՛ աշխարհում, թե՛ մեզ մոտ), գործունեությունները տարանջատում են, կազմակերպությունները բաժանում են, և տարբեր կառավարիչներ են նշանակում:

Մեկ այլ պատճառ է, երբ կազմակերպությունը գույք կամ որևէ այլ արժեքավոր ակտիվ է ցանկանում կազմակերպությունից հանել կամ վաճառել, որպեսզի վաճառքը չհարկվի 20 տոկոս ԱԱՀ-ով, կազմակերպության վերաձևակերպում են անում: Այսինքն՝ բաժանում են իրականացնում՝ այդ գույքին կամ ակտիվին բաժին ընկող բաժնեմասի առանձնացում՝ պետական ռեգիստրում գրանցված եղանակով, որը ենթակա չէ հարկման»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս