Հայաստանում նոր Արբիտրաժային կենտրոնը կքննի տեղական և միջազգային արբիտրաժային գործեր
Հայաստանում ստեղծվելիք Արբիտրաժային կենտրոնը կքննի տեղական և միջազգային արբիտրաժային գործեր` դրանով նպաստելով Հայաստանում արբիտրաժի կայացմանը և զարգացմանը։
Հոկտեմբերի 20-ին կայացավ կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին հանդիպումը, ներկայացվեց Արբիտրաժային կենտրոնի տեսլականը։
«Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը նպատակ է հետապնդում ստեղծել անկախ, պրոֆեսիոնալ, կոմպետենտ կառույց, որ ունակ կլինի քննել տեղական և միջազգային արբիտրաժային գործեր` դրանով իսկ նպաստելով Հայաստանում արբիտրաժի կայացմանը և զարգացմանը։ Սա բխում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունից, որով սահմանված են հետևյալ նպատակները` դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցում, ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումների ներգրավում, երկրի` որպես գործերի քննության հարթակի իմիջի և հեղինակության բարձրացում»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը։
Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնը նախատեսվում է հիմնադրել միջազգային գործընկերների աջակցությամբ, այդ թվում` ֆինանսական։
«Այս նախաձեռնությունը հնարավոր չէր լինի իրականացնել առանց միջազգային գործընկերների աջակցության։ Այս շարքում կարևորում ենք ԵՄ աջակցությունը։ Արբիտրաժային կենտրոնի ֆինանսավորումը հնարավոր կլինի իրականացնել ԵՄ-ի բյուջետային աջակցման միջոցով»,- նշեց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ ծանոթ է վեճերի կարգավորման գործընթացին։ Նրա համոզմամբ՝ այս ուղղությամբ կատարվող ցանկացած գործունեություն նպաստում է արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կառավարության ջանքերին։
«Այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմը չափազանց օգտակար գործիք է դատարանների համար։ Նոր Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը առաջնահերթություն է։ Մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարությանը այս գործում»,- նշեց դեսպանը։
Խորհրդատվական հանձնաժողովում ներգրավվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ, որոնք աչքի են ընկնում արբիտրաժային կայացած փորձ ունեցող երկրներում (Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Շվեդիայի Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Սինգապուր, Չինաստան (Հոնգ Կոնգ), Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն), ինչպես նաև հայտնի արբիտրաժային հաստատություններում իրենց ծավալած մասնագիտական գործունեությամբ: Ներգրավվածության նման լայն աշխարհագրությունը հնարավոր է եղել ապահովել արբիտրաժի ոլորտում տարբեր հեղինակավոր միջոցառումների մասնակցելու և ուսումնական այցերի շրջանակում նոր կենտրոնի հիմնադրման գաղափարն ու տեսլականը ներկայացնելու միջոցով: