Փաշինյանը 254 նոր հաստիքով ծանրաբեռնել է պետական համակարգը՝ խոստացած օպտիմալացման փոխարեն

2018 թվականին վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրություն սևեռեց պետական կառավարման համակարգի աշխատողների վրա՝ նրանց համարելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պետական կառավարման համակարգն ուռճացրած մարդիկ։

Ավելին, Փաշինյանը խոստացավ կադրային ջարդ չանել, բայց պետական համակարգն ազատել խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքով աշխատանքի տեղավորվածներից, որովհետև, ըստ 2018 թվականի Փաշինյանի, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե ինչի՞ վրա է ծախսվում ամեն լուման և ամեն դրամը:

«Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ, իսկ այսօր այդպիսի խնդիր դրված չէ»,- 2018 թվականի Կառավարության նիստերից մեկում ասել էր Փաշինյանը։

Ինքն իրեն պարտավորեցնող, իսկ հասարակությանը համոզող այս հայտարարությունից անցել է շուրջ 4 տարի, սակայն, պետական կառավարման համակարգը նախկինների կադրերից ու փաշինյանական բնորոշմամբ՝ խնամի-ծանոթ-բարեկամներից ազատվելուց հետո ներկաների բարեկամներով՝ ամուսիններով, հորքուրներով, մորքուրներով ու խնամի-ծանոթներով լցվեց: Պետական համակարգում աշխատողների թիվն էլ ոչ միայն չնվազեց, ինչպես խոստանում էր Փաշինյանը, այլ աճեց՝ այն էլ հարյուրներով։

Եվ այսպես, 2023 թվականի բյուջեի նախագծով՝ պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 20439 հաստիքային միավորների քանակը, որը 2022 թվականի համեմատ ավելացել է 254 միավորով:

Նշենք, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին նոր 254 հաստիքի ավելացումը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատված համապատասխան մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակի փոփոխության անհրաժեշտությամբ։

Տեսանյութեր

Լրահոս