Ոչ թե հայկական «Նախիջևան» անունն է կիրառվում, այլ ադրբեջանական՝ «Նախչիվան»-ը. Սուրեն Սարգսյան

«Արևելյան Ադրբեջանի և Նախչիվանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ» Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը փորձագիտական շրջանակները խնդրահարույց են համարում ոչ միայն բովանդակության տեսանկյունից, այլև՝ ձևակերպումների:

Քննարկումների ծիրում հայտնվեց հատկապես «Արևելյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը, ինչն ադրբեջանական ընկալմամբ համազոր է այսօրվա Ադրբեջանի տարածքին և ենթադրում է Արևմտյան Ադրբեջանի գոյությունը, որը, ըստ ադրբեջանցիների, Հայաստանի տարածքն է:

Սակայն թարգմանությունների պատճառով վրիպեց Փաշինյանի՝ «Նախչիվան» անվան կիրառումը. 168.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այս գրառման ձևակերպումների մասին իր դիտարկումներում ուշադրություն հրավիրեց հենց «Նախչիվան» գրության վրա:

«Վարչապետի կողմից արված թվիթերյան գրառումը պրոբլեմատիկ է հատուկ անունների կիրառման տեսանկյունից. ոչ թե հայկական «Նախիջևան» անունն է կիրառվում, այլ ադրբեջանական՝ «Նախչիվան»-ը: Սա նաև դիրքավորման և դիրքորոշման յուրահատուկ արտահայտումն է, ինչը չի բխում հայաստանյան շահերից»,- նկատեց միջազգայնագետը:

Կարդացեք նաև

Քանի որ Փաշինյանի գրառմանն արձագանքելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել և անիրատեսական համարել սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները, շեշտել, այսպես կոչված` «Զանգեզուրի» միջանցքի առաջնահերթությունը, իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր հերթին էր խոսել «Զանգեզուրի» միջանցքի՝ Լաչինի միջանցքի նմանությամբ կարգավիճակի մասին, Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե այս փուլում ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ դիրքավորումը:

Ի պատասխան՝ նա նշեց. «Հայաստանը պետք է սկզբունքային դիրքավորում ունենար ի սկզբանե, ինչը, ցավոք սրտի, չունենք, ՀՀ-ն պետք է ունենա պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որը չունենք»:

Միջազգայնագետն անդրադարձավ նաև երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի պատվիրակության Հայաստան կատարած այցին՝ պարզաբանելով, որ «ժողովրդավարական գործընկերություն» ձևաչափի շրջանակներում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը շփվում է ժողովրդավարական կամ  ժողովրդավարական ճանապարհ բռնած պետությունների խորհրդարանների հետ:

«Մեր տարածաշրջանում այդպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և Հայաստանը (հաշվի առնելով որոշ իրողություններ` գուցե աշխարհագրությունը փոխված լինի և  Ուկրաինա այցելություն չլինի),- նշեց Սուրեն Սարգսյանը, ապա հավելեց,- Այս այցից պետք չէ ունենալ կոնկրետ ակնկալիքներ, քաղաքական ենթատեքստ։ Սա խորհրդարանների միջև համագործակցության ձևաչափ է՝ ժողովրդավարությանն աջակցելու տեսանկյունից։ Որևէ լուրջ քաղաքական մեսիջներ, պրոցեսներ սրանով ո՛չ նախաձեռնվելու են, ո՛չ էլ իմպլեմենտացվելու են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը տեղեկացրել էր․ «Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն:

Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ:

Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս