Բուլղարիան այն բարեկամական դուռն է, որը բաց է դեպի Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար․ նախագահ Խաչատուրյան

Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պետական այցով Բուլղարիա ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այս մասին հայտարարեց այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպման արդյունքներով՝ լրատվամիջոցների համար արված հայտարարության ժամանակ։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծեց, որ Բուլղարիան Հայաստանի համար վստահելի գործընկեր է տարածաշրջանի փոխկապակցվածության բարձրացման ոլորտում:

«Մերօրյա Հայաստանը և Բուլղարիան կապված են փոխգործակցության համար անհրաժեշտ միջազգային իրավական արդյունավետ գործիքակազմով, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը և մեխանիզմները: Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել կայուն քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերություններում գրանցվող հաջողությունների առնչությամբ»,- ասաց Խաչատուրյանը: Նա կարևորեց երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը։

«Բուլղարիան նաև այն բարեկամական դուռն է, որը բաց է դեպի Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար: Հայկական կողմը հետաքրքրված է երկու երկրները միավորող ենթակառուցվածքների բարելավմամբ և զարգացմամբ, այդ թվում նաև՝ երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատմամբ: Այդ համատեքստում հաջող օրինակ էր ամառային ամիսներին Երևանից Բուլղարիայի ծովափնյա քաղաքներ ուղիղ չվերթների իրականացումը: Բարձր եմ գնահատում նաև բուլղարական կողմի աջակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման գործընթացին»,- ասաց Հայաստանի նախագահը:

Վահագն Խաչատուրյանը առանձնահատուկ կարևորեց համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում: «Գոհունակություն եմ հայտնում նաև կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցության համապատասխան ծրագրերով հաստատված միջոցառումների, այդ թվում՝ հայաստանցի ուսանողների՝ Բուլղարիայի բուհերում կրթության արդյունավետ կազմակերպման համար: Վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև նոր ազդակ հաղորդել և՛ խորհրդարանական դիվանագիտությանը, և՛ Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց Խաչատուրյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանին և Բուլղարիային միավորում են ինչպես ընդհանուր արժեքները և մշակութային մտերմությունը, այնպես էլ համատեղ՝ հանուն ազատության և անկախության հերոսական պայքարի պատմության էջերը: ՀՀ նախագահը երախտագիտություն հայտնեց բուլղարական պետությանը և բուլղար ժողովրդին՝ մեր հայրենակիցներին տրամադրած ապաստանի, հոգածության, խաղաղ ապրելու, զարգանալու և միևնույն ժամանակ ազգային ինքնությունն ու դիմագիծը պահպանելու հնարավորության, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բուլղարական իշխանությունների հոգատար վերաբերմունքի և հայ համայնքին շարունակաբար տրամադրվող աջակցության համար:

Խաչատուրյանը հավաստիացրեց, որ որպես Հայաստանի նախագահ՝ շարունակելու է ջանքերը հայ-բուլղարական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս