Այսօր մեր ազգը կանգնած է դժվարին փորձության առաջ. Արցախի թեմի առաջնորդը սթափության կոչ է արել
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և սթափության կոչ արել: «Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը»,- նշել է նա։
Տեր Վրթանեսի խոսքով՝ այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել – չլինելու, մեր ազգային արժանապատվության կորստի հարցը։
«Մեր մեջ այնքան խորն է արմատակալել անտարբերության կործանարար մեղքը, որ մեր երկրի մասնատումը ցավ է պատճառում միայն այդ մասի բնակիչներին և մի խումբ հայրենասեր ու գիտակից մարդկանց։ Մեծ հաշվով այնքան ենք բթացել, որ պատրաստ ենք նույնիսկ այնքան թանկ գնով ազատագրված Արցախը սկուտեղի վրա մատուցել թշնամուն` ի գին մեր «խաղաղ և ապահով» կյանքի»,-նշել է հոգևոր առաջնորդը` հավելելով, որ այսօր թշնամին փորձում է վերջնական կերպով խլել մեր փրկության մակույկը ` Արցախը և հետո մասնատել բուն նավը։
Տեր Վրթանեսը սթափության կոչ է արել ամենաբարձր պաշտոնյայից մինչև ռամիկ շինական և տեր:
«Հավատացե’ք, ինչպիսի փորձություններ էլ լինեն, դրանք անզոր են մեզ կործանելու, եթե մենք Աստծո խոսքի համաձայն սիրով ծառայենք միմյանց (հմմ։ Գաղ. 5:13), այդ ժամանակ Աստված կլինի մեր բարի Նավապետը, իսկ եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ հակառակ (հմմ։ Հռոմ. 8:31)»,-ընդգծել է նա ։