ԳՇ-ի ոչ պատասխանատու լռությունը

Հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով իր՝ սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որում նա հայտարարել էր, թե «կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ», պարզաբանել է՝ դա ասվել է ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի արած հայտարարության հիման վրա, պարզապես ձևակերպումն է անհաջող եղել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Ջերմուկի հատվածում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խմբի մասին և մանրամասնել.

«Մեկ խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ սնունդ, ջուր, լինի հատուկ պատրաստված ստորաբաժանում, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից: Այսինքն, մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա: Չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք, ներկա դրությամբ էլ չկան, իրենք չեն կարողանում ապահովել իրենց սնունդն ու ջուրը: Եվ իր կենսունակությունը կորցնելով, խումբը հետ կքաշվի և կմիանա Ջերմուկի մատույցներից առավել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց ստորաբաժանումներին: Հակառակորդի մեկ խումբը 10-12 զինծառայող է, ոչ ավելի»:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը լրագրողներին հորդորել էր ՊՆ-ից ճշտել շրջափակման մեջ եղած ադրբեջանական խմբի ճակատագիրը:

Նշենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողներին նմանատիպ խորհուրդ էր տվել նաև ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Մասնավորապես՝ լրագրողների հարցին՝ տեղեկություն ունե՞ք՝ նրանք Երևանո՞ւմ են շրջում, թե՞ այլ տեղ, ՊՆ խոսնակն արձագանքել էր, թե՝ ինչ է նշանակում ԱԺ նախագահի ասածը, խնդրում եմ հարցրեք ԱԺ նախագահի խոսնակին:

Թե ով ինչ է նկատի ունեցել, ԱԺ նախագահն ինչպես է իր միտքը ձևակերպել, տվյալ դեպքում էական չէ:

Խնդիրն այն է, որ սեպտեմբերի 16-ի ԳՇ պետի հայտարարությունից հետո ավելի քան 10 օր սպասելուց հետո լրագրողները սեպտեմբերի 29-ին Վարդենիս այցելած ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանին հարցրել են՝ «ի՞նչ եղավ շրջափակման մեջ գտնված ադրբեջանական խումբը, 13 օր է անցել»։

ԳՇ պետի տեղակալն արձագանքել է. «6-7 օր է՝ գտնվում եմ այստեղ, և ավելի շատ կենտրոնացած եմ այս տարածաշրջանի վրա, տեղյակ չեմ»:

Այսինքն, ԳՇ պետի տեղակալը 6-7 օր իր վերադասի հետ կապ չի հաստատե՞լ, երբ սպասելի էր, որ այդ հարցը հաստատ տալու են իրեն:

Հոկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան:

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձել էր այս տեղեկությանը՝ նշելով. «Երբեմն այդ հավաստի աղբյուրներն այդքան էլ հավաստի չեն»։

Այլ փակագծեր չեն բացվել, թե «այդքան հավաստի չեն»-ը ինչին է վերաբերում՝ հետ գնալո՞ւն, թե՞ կոնկրետ Ադրբեջան վերադառնալուն, քանի որ ԳՇ պետ Ասրյանը նշում էր, որ հետ են քաշվելու և միանալու Ջերմուկի մատույցներից առավել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց ստորաբաժանումներին:

Ի վերջո, սա դեռ չի նշանակում Ադրբեջան, հատկապես, երբ անցած տարվա նոյեմբերին ադրբեջանական առաջխաղացումներ են եղել Ջերմուկի հատվածում:

Բայց այս և այլ հարցերին պետք է հստակ պատասխանի ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը և նրա ղեկավարությունը, որպեսզի նոր հարցեր չառաջանան:

Այսինքն՝ արդյո՞ք իրականում շրջափակման հետ ենք գործ ունեցել, որի պահպանումը ռեսուրսներ է պահանջում հայկական կողմից, թե՞ այլ իրավիճակի, ե՞րբ է հետ քաշվել ադրբեջանական խումբը և ո՞ր ուղղությամբ, ինչո՞ւ է ի սկզբանե որոշվել, որ նրանք պետք է հետ քաշվեն։

Այս և նմանատիպ այլ հարցերին պետք է ԳՇ-ն պատասխանի, որն ունի վարչակազմակերպչական վարչություն, վերջինի ենթակայությամբ էլ տեղեկատվության բաժին է գործում:

Այլապես, ԳՇ պետի հայտարարության «տակից դուրս գալու» պարտականությունը դրված է Պաշտպանության նախարարի խոսնակի վրա, սակայն նա իր ձեռքում չունենալով ԳՇ ղեկավարության մասնագիտական պարզաբանումը, չի կարող այլ բան ասել, քան հորդորել լրատվամիջոցներին, թեպետ նրա խոսքում որոշակի տողատակեր կային, օրինակ, «այդքան» բառն ինչ-ինչ ենթադրությունների տեղիք է տալիս:

Իսկ եթե ԳՇ պետը սխալ է թույլ տվել և շրջափակման մասին հայտարարություն է արել, հետո սխալները շարունակել լռությամբ, իսկ պետի տեղակալն էլ հարցը շրջանցում է, ապա հիմա, թերևս, ժամանակն է պատասխանել այդ հարցերին՝ չխորացնելով բանակի հանդեպ անվստահությունը:

Տեսանյութեր

Լրահոս