«Ժողովրդին որ թողնես՝ ինքն իր գլուխը կուտի, ինչպես մենք կերանք». Արթուր Սահակյան

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը վստահ է՝ գործող իշխանություններին քննադատելու համար իրեն ուզում են հեռացնել «Գոյ» թատրոնից և թատրոնի տնօրեն դարձնել մասնագիտությամբ ռեժիսոր, ֆրանսաբնակ մի տիկնոջ:

«Ես «Գոյ»-ում եմ, որովհետև կարծում եմ՝ պետք եմ: Ես ստանում եմ 131 հազար դրամ աշխատավարձ, բայց թատրոնի աշխատանքը պահանջում է առավոտից երեկո թատրոնում լինել: Մենք բոլոր ներկայացումները խաղալուց առաջ պարտադիր նորից փորձում ենք, դա ծանր աշխատանք է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի դեսպանատունը մտել է այս «դիվերսիայի» մեջ:

«Այդ տիկինը դեսպանատան մշակութային կցորդն է, որը մեր դահլիճում է եղել և ասել, որ՝ այս թատրո՞նն են տալիս մեզ: Մենք ուշադրություն չդարձրինք, որովհետև մենք խնդիր չունենք իրենց հետ: Թատրոնը ձեթ-օճառի գործարան չէ, տնօրենը պետք է գա՝ կոլեկտիվին տեսնի, որովհետև թատրոնը այդ մարդիկ են: Իսկ կարելի՞ է մի հատ գալ՝ ասել՝ բարև ձեզ, ես այսպիսի մտադրություն ունեմ: Եթե այդ տիկինը ծրագրերով գար մեզ մոտ, նրա նպատակը լիներ ընդամենը մեզ մոտ աշխատելը, անպայման մենք իրեն կառաջարկեինք թատրոնի գլխավոր պրոդյուսերի պաշտոն:

Հասկանալի է, չէ՞, որ խոսքն այդ մասին չէ: Կա գլոբալիստների կուտոկ, որի մտերիմներից է նա: Հայաստանն աստիճանաբար և մեթոդաբար քայքայվում է: Իմ լինել-չլինելու խնդիրը ես չեմ դնում, ես ոչ ոքի չեմ դիմում, օգնություն չեմ խնդրում, ներկայացնում եմ իրավիճակը, և հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ այն ներկայացնում եմ այս դժոխքի պահին: Անարդարություն է տեղի ունենում, տեղի է ունենում դավադրություն, ես էլ այդ թատրոնի ոչ վերջին մարդն եմ: Առհասարակ տենդենցը քանդելունն է, որևէ սարքած բան կհիշեցնե՞ք»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակում մշակույթի, արվեստի գործիչների լռությանը, նա հետևյալն ասաց.

«Ես վաղը որտե՞ղ եմ աշխատելու, ի՞նչ պետական միավորի մեջ է գտնվելու, Թուրքիայի՞, ես չեմ ուզում Թուրքիայի աշխատակից լինել: Աստված հեռու տանի: Ինչո՞ւ չեն խոսում՝ չգիտեմ: Ես համաձայն եմ, որ չեն խոսում, լռակյաց են: Չեմ կարող ասել: Նաև նրանց լռությունն է պատճառը, որ այս իրավիճակն է: Ամեն ինչ արեցինք մենք: Մենք մեր դիմաց ունեինք Ուկրաինան, Վրաստանը, և որևէ զուգահեռ չանցկացրինք:

Մենք ուզում ենք սիրել մեր առաջնորդին, մենք այս 30 տարի է՝ դա ենք ուզում, որ սիրենք, ու այդ սերը փոխադարձ լինի: Մեր մեջ այդ սերը կա, մենք սենտիմենտալ ազգ ենք, և կար այդ ոգևորությունը: Իհարկե, այդ ոգևորությունը սարքած էր և շատ խիստ համալրված էր տարբեր տեսակի սատանիզմներով, նրանք փայլուն են աշխատում շոուների վրա, դա շոուների արտադրության գործարան է: Այստեղ այսպիսի շոու, Ուկրաինայում՝ ուրիշ, Վրաստանում՝ ուրիշ: Ոչ ոքի ձեռնտու չէ լավ, պինդ Հայաստան, ասում են՝ թող Հայաստանը լինի էժան աշխատուժ, մենք կգանք՝ ծիրանը կուտենք, կվայելենք, կփչացնենք, կգնանք, ոնց որ ժամանակին Իրանն էր»:

Դիտարկմանը՝ շատերը հույսը կապում են այլ երկրների հետ, ասում են՝ կգան՝ մեզ կփրկեն, նա արձագանքեց. «Մենք այդ երկրներին պետք է հետաքրքիր լինենք, որ գան՝ մեզ փրկեն: Մի փրկարար իրեն ցույց է տվել արդեն, թե ոնց է ինքը փրկում, ում միջոցով: Պարադոքսը և ցավալին այն է, որ այս բացահայտ դավադիր աշխարհում… ո՞նց խժռեցին, խնդրեմ, 5 տարի առաջ ո՞նց Հայաստանը փչացրեցին: 5 տարի առաջ դուք կմտածեի՞ք, որ այսպիսի խնդիրներ կլինեն: Փչացրեցին, սկսեցին կրծել, հիմա Ռուսաստանը պետք է ոչնչացնեն, իրենց պլանը դա է, նա էլ պաշտպանվում է: Դու էլ պետք է իրեն պետքական լինես, որ ինքն էլ քեզ պետքական լինի, ուրիշ կերպ չի լինի: Եթե դու անընդհատ տարբեր տեղերում ես, ինքը քեզ չի օգնի, կասի՝ շնորհակալ եմ, առանց մտածելու, որ երբեք կառավարությունը ժողովուրդը չէ: Թվում է, թե պրոլետարիատի դիկտատուրա է, բայց այդ պրոլետարիատը ազգը չէ»:

Արթուր Սահակյանը նկատեց՝ բոլոր հեղինակությունները փչացվել են կամ փչացման վտանգի տակ են. «Բայց այնպիսի հակազենք կարելի է օգտագործել, ուղղակի չեմ տեսնում դրա պատվիրատուին: Չկա անելանելի վիճակ: Եթե դու գնացել ես ծառայելու, նախարար ես դարձել, բոլորը քեզ պետք է ցավակցեն. քեֆեր է, որ անում են: Այ այսպես թարս ենք մենք: Ժողովրդավարություն չկա. Ժողովրդին որ թողնես՝ ինքն իր գլուխը կուտի, ինչպես մենք կերանք, և ոչ միայն մենք: Դուք տեսեք՝ Ուկրաինային և Ռուսաստանին՝ նույն ազգին շուռ են տվել իրար դեմ, Թայվանն ու Չինաստանը կարող է իրար դեմ դուրս գան: Նույն ազգին շուռ են տալիս իրար դեմ, կռվացնում են, վերացնում են: Սա է տեխնոլոգիան: Ես ելք տեսնում եմ, բայց եթե ասեմ ելքը, ուրեմն՝ պատրաստ կլինի ելքի հակազենքը»:

Հարցին՝ որևէ հույս կապո՞ւմ է նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է եկել այդ ֆորմատից, նա պատասխանեց. «Ես այդ մարդու անունը չեմ ուզում լսել, իսկ հույսը կապում եմ միշտ Աստծո հետ, միայն Տիրոջ հետ, և իմ աղոթքն այն է, որ Աստված օգնի հայ ազգին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս