«Ֆոտոշոփով միայն գիծ քաշել գիտեի և գույն դնել, համակարգիչ էլ չունեի». իլյուստրատոր Անի Հարությունյանի հաջողության ուղին
Փոքր հասակում բոլորս ենք նկարել: Ծաղիկներից մինչև ավտոմեքենաներ և երազանքի տուն. որքան տարբեր, այքան էլ նման պատկերներ սպիտակ թղթի վրա: Ոմանց մանկության նկարները կոկիկ պահվում են մայրիկների կողմից, ոմանք մոռացվում են կամ դառնում բուխարու վառելիք: Իսկ ոմանց համար մանկության հոբբին դառնում է աշխատանք: Իլյուստրատոր Անի Հարությունյանը սկսել է նկարել դեռ փոքր հասակից: Առաջին անգամ նկարչական դպրոց գնացել է դպրոցն ավարտելուց հետո, իսկ մասնագիտական հմտություններ ձեռք է բերել աշխատասիրության շնորհիվ: Մեր զրույցի ընթացքում կբացահայտեք իլյուստրատոր Անիի հաջողության ուղին, ով երազում է գրքերի համար նկարազարդումներ անել և իր երեխային համարում է իր ստեղծագործություններից լավագույնը:
Լուրջ չէի վերաբերվում, պարզապես հավես էր
«Նկարչությունն ինձ համար զբաղմունք դարձավ, երբ 8 տարեկան էի և պառկած էի հիվանդանոցում: Ինձ հետ մի աղջիկ կար, անընդհատ նկարում էր: Տետր ունեի, խնդրեցի, որ ինձ համար էլ նկարի: Մի ծաղիկ նկարեց, որը շատ էր դուրս էկել, անընդհատ նույն ծաղիկը նկարում էի: Հետո հայրիկիս խնդրեցի ինձ համար մի բան նկարել: Կնրկնօրինակում էի ու զգում էի, որ կարող եմ կրկնել ցանկացած նկար: Բայց չէի մտածում, որ դա ինձ համար մասնագիտություն կդառնար: Դպրոցն ավարտելուց հետո նոր գնացել եմ նկարչական: Լուրջ չէի վերաբերվում, պարզապես հավես էր»:
Գնացի, նկարեցի, ուղարկեցի, ընդունվեցի աշխատանքի
«Սովորել եմ ամենասովորական նկարչական խմբակում: Առաջին վարպետս շատ էր ոգևորում: Նույնիսկ երբ չէի կարողանում ինչ-որ վրձին գնել, ինքն էր գնում ինձ համար: Շատ էի նկարում: Խմբի երեխաների հետ միշտ մրցակցության մեջ էինք, թե ով է ավելի շատ նկարներ անում:
Գեղարվեստի ակադեմիայում ինձ թույլ տվեցին քննությանը մասնակցել: Այդ ժամանակ այդքան էլ հեշտ չէր քննության հասնել: Պետք է նկարներդ դիտեին, պարզեին՝ ով է վարպետդ, Ակադեմիայի հետ ինչ-որ կապ ունի, թե ոչ: Միայն այն, որ ինձ թույլ տվեցին մասնակցել քննությանը, արդեն ուրախություն էր: Անցողիկ բալեր հավաքեցի, սակայն ասացին՝ տեղ չունենք: Շատ տխրեցի: Թղթերս տվեցի Գյումրու մանկավարժական ինստիտուտ, հիմա՝ Շիրակի պետական համալսարան: Դեկորատիվ կիրառական արվեստ բաժին կար, ցանկությունս մեծ չէր, բայց ընդունվեցի. երկու տարի է՝ նկարչական դպրոցն ավարտել էի ու ոչնչով չէի զղաբվում: Չեմ փոշմանել, որովհետև Գեղարվեստի ակադեմիայում շատ գումար էի ծախսելու:
Ավարտելուց հետո անվճար ընդունվեցի մագիստրատուրա, բայց արդեն աշխատանքի հրավերներ ունեի: Ծրագրերը չգիտեի, բայց հեշտ էին տրվում ինձ: Մի տեղ դիմեցի աշխատանքի, խնդրեցին ինչ-որ բան նկարել: Ֆոտոշոփով միայն գիծ քաշել գիտեի և գույն դնել, համակարգիչ էլ չունեի: Գյումրիում Կազաշվեյցարական հիմնադրամ կա, այդ հիմնադրամ էի գնում՝ համակարգչով աշխատելու: Գնացի, նկարեցի, ուղարկեցի, ընդունվեցի աշխատանքի»:
Ընկերուհիս է միշտ ասում՝ քեզ մուսա պետք չէ
«Երբ նոր էի սկսել աշխատել և զուգահեռ շատ պատվերներ էի վերցնում, մայրիկս անընդհատ ասում էր՝ հոգնեցիր: Ասում էի՝ բայց ի՞նչ եմ անում, նկարում եմ: Ընկերուհիս է միշտ ասում՝ քեզ մուսա պետք չէ, երբ, ինչ հարկավոր է, արագ նկարում ես: Նկարելուց չեմ հոգնում, ինձ հաճելի է նկարելը»:
Պատերազմի նկատմամբ իմունիտետ ենք ձեռք բերել
«Երկու տարի առաջ նոր էի ծննդաբերել, պատերազմ էր, ՔՈՎԻԴ: Սթրեսի մեջ էի: Պատերազմի ժամանակ նկարչական դադար էի տվել, շատ բաներ չեղարկեցի: Այդ շրջանում նույնիսկ պատերազմի թեմայով էի ուզում նկարել, բայց չէի կարողանում: Լավ է ինչ-որ իրավիճակների անդրադառնալ, եթե տիրապետում ես գործիքներին, լավ է, որ արվեստովդ ինչ-որ խնդիր բարձրաձայնես:
Հիմա այն տպավորությունն է, որ իմունիտետ ենք ձեռք բերել: Ես վախեցած եմ: Իրերս պատրաստ դրել եմ, որ եթե պետք լինի նկուղ փախնել, ես, ամուսինս, բալիկս վերցնենք պայուսակն ու արագ գնանք: Երկրից փախնելու մասին չէ խոսքը: Ես վախեցած եմ, բայց բաներ կան, որոնց մասին չեմ ուզում անգամ մտածել»:
Մեր աչքերը սոված էին
«Գրաֆիկ դիզայներները, իլյուստրատորները պետք է շատ նայեն: Պետք է այլ նկարիչների ուսումնասիրեն, փորձեն իրենց նման նկարել, ինչու ոչ: Սովորելու տարիներին ես ուզում էի բալետի պարուհիների նկարել: Լուսանկարներ չկային, բնորդուհի գտնելու մասին մտածել անգամ չէի կարող: Համացանց ևս չկար: Հին գրքերից փոքր նկարներ էի գտնում և արագ նկարում: Մեր աչքերը սոված էին: Հիմա մեր աչքերը կերակրելու բոլոր հնարավորությունները կան: Պետք է շատ նայել:
Լավ կլինի, որ ինստիտուտներում իլյուստրացիա դասավանդվի՝ որպես ժամանակակից արվեստ: Ուսանողության տարիներին հասնում էինք Կլիմտին և դրանով ժամանակակից արվեստն ավարտվում էր, բայց այդպես չէ: Շատ արվեստագետներ, որոնք հիմա դասավանդում են, իլյուստրացիան արվեստ չեն համարում, ինչը սխալ է»:
Այնքան էի հպարտանում, չնայած մարդիկ ասում էին՝ էս ի՞նչ է
«Նկարչությունը ներսը լցնելու և ներսից դուրս հանելու մասին է: Ուսանողական տարիներին, երբ դեպրեսիվ բաներ էին պատահում, այդ ամենը նկարում էի և իմ նկարներն այդ ժամանակ ասում էին, որ ես դեպրեսիայի մեջ եմ: Հետո, երբ արդեն դուրս եկա դեպրեսիայից, այդ շրջանում ստեղծված նկարները չէի ուզում պահել, նվիրեցի շատ մարդկանց: Մի նկար պապաս է կպցրել մեր տան պատին, «Թող մնա ճիչ» է անունը: Աբստրակտ նկար էր, ցուցահանդեսի էի մասնակցում: Այնքան էի հպարտանում, չնայած մարդիկ ասում էին՝ էս ի՞նչ է (ծիծաղում է,- Ա.Գ): Ես շատ էի ուրախանում, շատ էի հպարտանում, հատկապես անվան ընտրությամբ»:
Լավագույն ստեղծագործությունը
«Բալիկս իմ լավագույն ստեղծագործությունն է: Հիմա ես նրան ասես կավից ծեփեմ: Զգում եմ, որ իրեն ես եմ ձևավորում»:
Անի Գաբուզյան