Բաժիններ՝

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարն արձագանքում է քաղաքացու բողոքին. «պատվաստանյութն անորակ չէ»

Երեկ 168.am-ի խմբագրություն էր դիմել քաղաքացի Մնացական Հովհաննիսյանը: Վերջինս բողոքում էր, որ իր թոռանը` Նարեկ Հովհաննիսյանին, պատվաստել են անորակ պատվաստանյութով, ինչի արդյունքում վերջինիս մոտ առողջական խնդիրներ են առաջացել:

«Թոռնիկս 2 ամիս 15 օրական է: Շենգավիթ բժշկական կենտրոնում նրան պատվաստել են տուբերկուլյոզի դեմ (ԲՑԺ): Սրսկած տեղում 1 ամիս հետո թարախ ընկավ: Տարանք բժշկուհու մոտ, բացեցին, ասացին` կանցնի: Դրանից  մի շաբաթ հետո մեր թոռնիկի թևի տակին տեսանք 2 հատ շարիկ: Տարանք հետազոտման: Մեկը 14 մմ էր, մյուսը` 11: Մոտ 4 օր հետո տեսանք` դա տեղափոխվել է ուսի վրա: Այդ նորածին երեխուն տարել ենք հետազոտման, արյունը՝ մաքուր, թոքերը՝ մաքուր: Բժիշկները հետազոտություններն արեցին, ասացին, որ սրսկումն է պատճառը: Սա անորակ դեղի հետևանքներն են»,- պատմեց քաղաքացի Մնացական Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենց ուղեգրել են Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր, և ինքն ականատես է եղել, որ նույն խնդրով բազմաթիվ երեխաներ կան այնտեղ. «Մենակ մեր երեխան չի: Ամբողջ հանրապետությունից` Մեղրիից, Կալինինոյից, Շամշադինից, ամբողջ հիվանդանոցը լցված են»:

Բողոքների հետ կապված 168.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեղակավար Գայանե Սահակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքացու պատմած դեպքը հետպատվաստումային ռեակցիա է.

«Վախենալու ոչինչ չկա: Դա կոչվում է լիմֆադենիտ: Դա ավշային հանգույցի մեծացումն է: Թարախային լիմֆադենիտը բուժվող պրոցես է: Այն հիմնականում առաջանում է անոթային փոսում, երբեմն նաև՝ անրակից վերև-ներքև ավշային հանգույցներում: Օրգանիզմն այս կերպ պաշտպանվում է: Դրա փոխարեն օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որոնք հետո կօգտագործվեն բնական հարուցչի դեմ պայքարելու համար: Թևի տակ եղած բորբոքային ռեակցիան, ինչպես եղել էր, այնպես էլ հետ է ներաճում: Լինում են դեպքեր, երբ ծնողների կողմից տարբեր միջոցներ են կիրառվում` թրջոց են դնում, արհեստականորեն երեխայի մոտ բորբոքային պրոցես են առաջացնում, որը ձգձգում է բուժման պրոցեսը, ու ստիպված մանկաբույժը նրանց բուժում է նշանակում»: Գայանե Սահակյանը նշեց նաև, որ լիմֆադենիտը ցավոտ երևույթ չէ, այն երեխային անհանգստություն չի պատճառում. այն աստիճանաբար հետ է ներծծվում:

Կարդացեք նաև

«Սա ահազանգող չէ, վախեցնող չէ: Սա խոսում է այն մասին, որ, եթե այդ երեխան չպատվաստվեր, բնական վարակով հեշտությամբ կվարակվեր, ու երեխայի մոտ շատ ծանր տուբերկուլյոզի դեպք կզարգանար: Այսօր Հայաստանը համարվում է տուբերկուլյոզով բարձր հիվանդացությամբ երկիր, հավանականությունը շատ  բարձր է, որ չպատվաստվելու դեպքում երեխան կվարակվի հենց տուբերկուլյոզի հարուցչով: Պետք է հասկանալ, որ չպատվաստելու դեպքում երեխային վտանգի տակ են դնում»,- ասաց Գայանե Սահակյանը:

Վերջինիս փոխանցմամբ` 2012-ի հոկտեմբերից` ԲՑԺ-ի հետ կապված հետպատվաստումային  ռեակցիաներով երեխաներին ուղեգրում են Հակատուբերկուլյոզային դիսպանսեր, որտեղ կատարվում են անհրաժեշտ միջոցառումները: Ըստ Գայանե Սահակյանի` քաղաքացու տպավորությունը, որ շատ են հետպատվաստումային ռեակցիաներով երեխաները, հավանաբար հենց այդ պատճառով է առաջացել: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի խոսքով` այժմ դիսպանսերում այս խնդիրներով 4 երեխա կա. «3-ն արդեն պետք է դուրս գրվեն, մեկը նոր է հիվանդանոց ընդունվել: Շատերը սա վերագրում են նրան, որ պետությունն անորակ պատվաստանյութ է ներկրել: Այդպես չէ: Այդ պատվաստանյութը կիրառվում է նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում` Հոլանդիայում, Ֆրանսիայում»:

Գայանե Սահակյանն ասում է, որ միջազգային վիճակագրության համաձայն` 1000 պատվաստվածներից 1-ի մոտ կարող է թարախային լիմֆադենիտ առաջանալ: Այս պատվաստանյութով 2012-ի հունիսից մինչ այսօր պատվաստվել է   մոտ 30.000 նորածին, որոնցից միայն 12-ի մոտ է թարախային լիմֆադենիտ առաջացել:

Գայանե Սահակյանը կոչ է անում ծնողներին՝ նժարի վրա դնել հիվանդության առաջացման ռիսկը. «Մեր երկիրը բարձր հիվանդացություն ունի, ու այդ երեխաների մոտ իրոք ծանր դեպքեր կարող են առաջանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս