Եկեք առանց ավելորդ կեղծ տեղեկություններ տարածելու սպասենք հանդիպմանն ու դրա արդյունքներին. Նարեկ Սամսոնյան

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վեհափառ Հայրապետի և 3 նախագահների հանդիպման մասին
Մամուլում անընդհատ տարատեսակ ձևաչափերով (3+2+2 և այլն) հանդիպումների մասին տեղեկատվությանը զուգահեռ հիմա էլ, արդեն որերորդ ԶԼՄ-ն տեղեկություն է հրապարակում առ այն, որ սպասվող հանդիպումը նախաձեռնել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Որոշ լրատվամիջոցներ ավելի հեռուն են գնացել ու արդեն հայտնում են, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին»:

Հասկանալի է, որ շատ ԶԼՄ-ների համար նմանատիպ տեղեկատվության տարածումը արտաքին վստահություն է հաղորդում իրենց խիստ բարձր «իրազեկվածության» մասին, բայց ընթացքում տեմպի տակ ընկնելով խեղաթյուրում են ակնհայտ հասանելի տեղեկատվությունը: Իրականում նախկին նախագահների և Վեհափառի համատեղ հանդիպումը նախաձեռնել է Իշխան Սաղաթլյանը, այնուհետև Վեհափառ Հայրապետը ստանձնել է այդ հանդիպումը գործնականում նախաձեռնողի դերն ու հենց նրա միջնորդությամբ էլ կայանալու է սպասվող հանդիպումը:

Հետևաբար ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է «մեկ հարկի տակ հավաքելու նախկին նախագահներին» այլ Վեհափառ Հայրապետը, իսկ հանդիպման ձևաչափը շատ հեռու է «3+2+2» ձևաչափից, այնպես, որ եկեք առանց ավելորդ կեղծ տեղեկություններ տարածելու սպասենք հանդիպմանն ու դրա արդյունքներին: Կարծում եմ երկար չենք սպասելու…

Հ.Գ. Ի դեպ այս հանդիպման նշաակությունն ու կարևորությունը բավականին բարձր է և հանրության շրջանում ձևավորված ակնկալիքները չափազանցություն չեն: Հուսանք, որ 3-րդ հանրապետության նախկին առաջնորդները՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կկարողանան երկիրն այս վիճակից հանելու վճռական գործողությունների ծրագիր ներկայացնել»:

Տեսանյութեր

Լրահոս