«Նիկոլ, չե՛ս մարսելու. Եռաբլուրում սրբապղծությունը դավադրություն էր զինվորի հանդեպ». զոհվածների ծնողներ

Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակությունից հետո՝ 168.am«Պրեսսինգ» հաղորդաշարին էին հյուրընկալվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Մեր զրուցակիցներն են՝  44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողներ Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը, Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Հայկազ Մկրտչյանը 2019-ին էր զորակոչվել բանակ։ Սկզբում վեցամսյա դասերի էր մասնակցել Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել էր Տավուշ՝ Մեհրաբի զորամաս։ Կրտսեր սերժանտ էր, ականանետային հաշվարկի հրամանատար։ Հայկազը 2020-ի հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ եղել է ջոկատի հրամանատար, պարգևատրվել է «Մարտական հերթապահության համար» մեդալով։

Հայկազին հոկտեմբերի 14-ին տեղափոխել են Արցախ, վիրավորում է ստացել հոկտեմբերի 29-ին, դեպի Կարմիր Շուկա տանող ճանապարհին, 12 օր պայքարել է կյանքի համար, մահացել է նոյեմբերի 9-ին։

Ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը ծնվել է 1989թ. Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ 2009-2015 թթ. ծառայել է հայոց բանակում. սկզբում՝ շարքային։ Այնուհետև որոշ ժամանակ վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում և համալրել Արցախի պաշտպանության բանակի սպայական կազմը։ 2010-15 թթ. ծառայել է Մարտակերտի տարածքում՝ հրաձգային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց արդեն հակատանկային, հատուկ նշանակության դասակի հրամանատար էր։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից Մարտակերտում էր։ Թողելով 2 որդիներին, ծնողներին, կնոջը՝ գնացել է հայրենիքը պաշտպանելու։

20-ամյա Մխիթար Գալեյանը զորակոչվել էր բանակ 2019թ. հունվարի 17-ին: Ծառայում էր Հադրութի  զորամասում: Մխիթարը և իր ծառայակից ընկեր Հայկը ծանր մարտերի ժամանակ, երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և իրենց իսկ մարմնով, իրենց իսկ կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյից «Եռաբլուրում» էին, որպեսզի թույլ չտան Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ ՀՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»: «Թույլ չենք տա պղծել մեր որդիների շիրիմները»,-հայտարարել էին նրանք:

Լուսադեմին՝ 05:40-ին, իշխանությունները հարյուրավոր ոստիկանական և ավտանգային ուժեր, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորներ կենտրոնացրեցին «Եռաբլուրի» մուտքի մոտ: Մինչ այդ զոհվածների հարազատները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից հեռացրել էին ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից վաղ առավոտյան տեղադրված ծաղկեպսակը: Ժամը 06:00-ի մոտ սկսվեց Նիկոլ Փաշինյանի մուտքն անխոչընդոտ իրականացնելու «օպերացիան»՝ կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ սկսեցին հեռացնել նահատակված տղաների ծնողներին՝ տարածքից հատուկ տեխնիկայով դուրս բերելով նաև ավտոմեքենաները:

Ըստ ոստիկանության, այդ օրը բերման էին ենթարկել 37 անձանց: Բերման ենթարկված ծնողներից 2-ը մարմնական վնասվածքներ էին ստացել ոստիկանության  գործողությունների արդյունքում:

Հարցազրույցում ծնողներն ասել էին.

  • Ոստիկանները Եռաբլուրում ծնողներից առաջինը Գարիկ Գալեյանին տարան. կոնկրետ հրահանգ ունեին՝ ում տանեն:
  • Նիկոլը հեռվից նայում էր. սպասում էր՝ ոստիկանական ուժերը գործողությունն ավարտեին, որ գար…
  • Ուզում եմ հասկանալ՝ էդ ոստիկանները, որ իմ՝ կյանքի դիմաց կյանք ստեղծած կնոջը բերման էին ենթարկում, ով կերակրող մայր է, իրենց մայր չի՞ կերակրել:
  • Մենք կորցրել ենք արդեն մեր զավակներին. ուզում եմ հասկանալ՝ այն մայրերը, որ չեն կորցրել, ինչո՞ւ չեն պայքարում իրենց երեխաների համար:
  • Դա սպանդ էր. երեք տարվա սերունդ վերացրեցին:
  • Իրենք վախենում են 8 մամայից և 12 պապայից. ճիշտ են անում, որ վախենում են: Նահատակված ծնողների դեմ կառավարությունը հանում է 3 դիպուկահար:
  • Նիկոլը ոչ մի շիրիմի չի կարողացել մոտենալ. Մենք մեր գործն արել ենք՝ թույլ չենք տվել պղծել մեր հերոսների շիրիմները: Սրբապիղծները չեն կարողացել մոտենալ մեր տղերքի շիրիմներին:
  • Եռաբլուրում դատարկ փոսից ավելի վատ ենք զգում, քան թարմ շիրիմից:
  • Ինչքան շատ են բիրտ ուժ կիրառում մեր նկատմամբ, էնքան ոստիկանությունը բարձր պարգևավճարներ է ստանում:
  • Երկու տարվա մեջ Սյունիքում մի հատ զորանոց չի կառուցվել. Արցախից բերած զորքն ո՞ւր եք տանում:
  • Սրանց բոլոր գործողությունների նպատակը բանակի մեջքը կոտրելն է:
  • Եթե մեր զոհված տղերքի ոգին չլիներ, միգուցե չկարողանայինք պայքարել. Տղերք, դեռ մի հանդարտվեք, պատերազմը չի ավարտվել:
  • Ամեն օր եկեք, տարեք, մեկ է՝ մինչև վերջ պայքարելու ենք. կամ դուք, կամ մենք: Ուրիշ տարբերակ չկա:
  • Նիկոլ Փաշինյանի թիմակիցների աչքերի մեջ մեր հանդեպ ատելություն տեսանք:
  • Հովիկ Աղազարյանն ասել է՝ տղան որ 18 տարեկան է դառնում, էլ ծնողինը չէ… Բա այ ապրանք, քո երեք երեխեքն ինչի՞ են քոնը, հանրությանը չեն: Ինչո՞ւ հիմա պատերազմի դաշտում չեն:
  • Անդրանիկ Քոչարյանին այս եթերից ուզում եմ ասել՝ ես այս տարիքում գնում եմ սահման, բայց միայն իր տղայի հետ: Ուղիղ ասում եմ՝ ինձ տար, բայց ինձ հետ լինի քո տղան: Հանգիստ վստահ եղիր՝ թեկուզ վիժվածքի տղա է, բայց չեմ թողնի՝ այդ երեխային բան լինի: Բայց թող գա, տեսնեմ՝ ամեն գիշեր քանի՞ հատ պամպերս ես փոխելու այդ երեխայի համար:
  • Առաջնագիծը սարքել են կառափնարան. ում ուզում են վախեցնել, ասում են՝ կտանենք սահման:
  • Անահիտ Ավանեսյա՛ն, դեղ հասցրեք բանակին. զորքը թոքաբորբով հիվանդ է, նորակոչիկների կեսը հիվանդ է:
  • Իսկ վախ չկա՞, որ վաղը թուրքը գալու է, իրենց տուն մտնի: Մայրերը չուզեցին մեզ հասկանալ, որ մեր պայքարը նրա համար է, որ իրենց երեխաները ողջ-առողջ զորացրվեին, այլ ոչ թե իրենք էլ սև շոր հագնեին, գային կանգնեին մեր կողքը:
  • Շատ կուզեի՝ իշխանությունները մասնակցեին հուղարկավորություններին, տեսնեին այդ մայրերին, որոնց դեղ են ներարկում, որ չուշաթափվեն, երբ 2 ամիս առաջ ողջ-առողջ բանակ ուղարկած տղային հողն են դնում:
  • Թուրքը քացով դուռը բացելու է, դանակը դնի վզին, ասի՝ սեղան գցիր, հետո իր արածն անի ու գնա:
  • Սրանք լսել են, որ փող աշխատելն ամոթ բան չէ, բայց չեն հասկանում, որ փողը ընտանիքից, հայրենիքից ու սրբությունից թանկ բան չէ:
  • Մենք ուզում ենք պայքարել, որ նախ մեր տղերքի արած գործն իզուր չանցնի:
  • Մենք այսօր կանգնած ենք հայրենիքի, պետության, ոչ իշխանության կողքը, իսկ հայրենիքը ես համարում եմ Արցախն ու Հայաստանն իրար հետ: Արցախը մեր հայրենիքն է, մեր տղաների արյունով շաղախված հողն է, և եթե մենք էլ չտեսնենք, թող մեր երեխաներն ու թոռները տեսնեն: Կապրենք էնքան, որ տեսնենք՝ ամեն հող հետ է բերվել, որովհետև եթե Մխիթարը Ջրականում է զոհվել, ո՞նց կարելի է այդ հողը թողնել այնտեղ: Բա փոքր Մխիթարը չգնա՞, էդ հողը վերցնի բռի մեջ, իր եղբոր արյան հոտն առնի: Կամ նույնը իմ թոռները. Չգնա՞ն իրենց հոր զոհված տեղի հողը վերցնեն:
  • Մեր պահանջն արդար է. մենք պահանջում ենք դավաճանին պատժել, դավաճանությունը կանխել: Եթե որևէ քաղաքական ուժ գալիս-կանգնում է մեր կողքը, օժանդակում են մեզ, ինչո՞ւ՝ ոչ:
  • «Ես արդեն անհանգստանում եմ, որ հանկարծ Եռաբլուրը չկորցնենք»,- ասաց Գարիկ Գալեյանը:

Տեսանյութեր

Լրահոս