Փող և Փաշինյան
Այսօր ոստիկանության կարմիր և սև բերետավոր ծառայողներն իրավամբ «վաստակեցին» իրենց՝ 2022թ. բյուջեով հատկացված շուրջ 9 միլիարդ 164 միլիոն դրամ միայն պարգևավճարային հատկացումների (առանց աշխատավարձի և հավելավճարների)՝ իրենց հասանելիք բաժինը՝ առանձնակի դաժանության ու բարոյական արժեքների իսպառ բացակայության նոր նշաձող սահմանելով նույնիսկ իրենք իրենց նկատմամբ:
Զոհված զինծառայողների ծնողներին ու հատկապես՝ մայրերին յուրահատուկ ոգևորությամբ ոտք ու ձեռք արած՝ ասֆալտի վրայով քարշ տվող ոստիկանների ոչ մարդկային-բարոյական, ոչ էլ պրոֆեսիոնալ-մասնագիտական որակները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, այնքան որ նողկալի էր տեսարանը:
Հայրենիքին, անկախության գաղափարին իրենց ամենաթանկը նվիրաբերած կանանց տասնյակ ոստիկանության ծառայողներ քարշ էին տալիս նրանց երեխաների վերջին բետոնապատ հանգրվանի տարածքով մեկ, ինչ է թե՝ իրենց պարգևավճար տվող Նիկոլ Փաշինյանի համար անվտանգ ու անխոչընդոտ երթևեկի ճանապարհ բացեն՝ Եռաբլուրի տարածքում նրա համար 1-2 արխիվային լուսանկարի հնարավորություն ստեղծելու համար:
Որքան պետք է ողորմելի լինես հոգով, մարմնով ու ողջ էությամբ, որքան պիտի տվյալ ամսվա պարգևավճարն «աշխատելու» համար զրկված լինես տարրական զգայական բնազդներից, որ չհասկանաս՝ քո դիմաց զոհված զինծառայողի մայր է կանգնած, ծնող, ում քեզ պարգևավճար տվող Նիկոլ Փաշինյանը միգուցե միայն մեկ ոսկոր է հանձնել իր երեխայից, իսկ որոշ ծնողներ անգամ գերեզման չունեն՝ արտասվելու համար, և Եռաբլուր են գալիս՝ իրենց որդիների ընկերների շիրիմներն իրենցը դարձրած:
Արժեքաբանական խորը ճգնաժամի մեջ գտնվող մեր պետության ու ժողովրդի համար սեպտեմբերքսանմեկյան Եռաբլուրի այս առավոտն ամոթի նոր խարան էր՝ դրոշմված յուրաքանչյուրիս դեմքին:
Շատերն այսօր քննադատեցին ոստիկանության պահվածքը, ոմանք՝ սուր, ոմանք՝ ոչ այնքան: Քննադատություն հնչեց նաև Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարի, երբեմնի ընդդիմադիրների, քաղհասարակության որոշ ներկայացուցիչների կողմից:
Բայց իրականում ասելիք պետք է ունենար ինքը՝ ոստիկանությունը. ասաց: Ամոթալի այդ տեքստի մեջ, որ անհասկանալի է՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի՞, թե՞ ավելի ցածր օղակների մտքի արգասիքն էր, նախ համարել էին, որ «Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները»:
«Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից»,- նշված էր տեքստի մեջ, ապա հորդորել էին միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով:
Ու հանկարծ վերջում էլ հիշել էին, որ «ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ»:
«Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»,- եզրափակել էր ոստիկանությունը տարածած հաղորդագրության մեջ:
Հարց է առաջանում՝ այս տրաֆարետային ձևակերպումների հեղինակներին իրոք թվում է, թե կենդանական բնազդով՝ նահատակված հերոսների մայրերին Եռաբլուրի տարածքով քարշ տվողների համար է՞լ է Եռաբլուրը սրբատեղի, կամ նրանց չնվազող ցա՞վն է օրեցօր ընդարձակվող Եռաբլուրը:
Եվ իսկապես, մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ: