«Մինչև վերջ կռվել է, 100 հատ սնարյադ է կրակել»․ ԱԹՍ-ի հարվածից զոհված Տարոնը վաղը կդառնար 23 տարեկան
Սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված Տարոն Սարիբեկյանն Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր՝ ժամկետային զինծառայող։
Զոհված զինծառայողի հարևանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Տարոնը 6 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն, սակայն դպրոցն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան, ընդունվել համալսարան։
«Իրենք 2 երեխա էին՝ մի քույր, մի եղբայր, Տարոնը փոքրն էր։ Շատ լավ էր սովորում՝ գերազանց։ Մագիստրատուրան ավարտեց ու այս տարվա հունվարին մեկնեց ծառայության։ Ինքն էլ, քույրն էլ շատ խելացի, կիրթ երեխեք են, իրենց մասին ամբողջ գյուղն է այդպես արտահայտվում։ Տարոնը շատ քիչ է գյուղում եղել, բայց ով էլ մի անգամ տեսել է, ասում է՝ յուրահատուկ երեխա էր»,- պատմեց զոհված զինծառայողի հարևանը։
Նա նշեց, որ Տարոնը ծառայության էր անցել Կապանում, այուհետև տեղափոխվել էր Սիսիանի զորամաս․
«Այս ընթացքում հասցրեց նաև արձակուրդ գալ, մոտ 2 ամիս առաջ էր։ Շատ գոհ էր ծառայությունից, միշտ ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, գնացած օրից էլ միշտ միայն լավն է ասել․․․»։
Տարոնը հրետանավոր էր, շատ լավ է տիրապետել իր զենքին, կարողացել է թշնամուն արժանի հակահարված տալ։
«Հուղարկավորության օրը Տարոնի հրամանատարներն էլ էին եկել, պատմում էին, որ մինչև վերջ կռվել է, 100 հատ սնարյադ է կրակել իր հրանոթով։ Թշնամին անօդաչու սարքով է խփել իրենց, դեպքն Իշխանասարի ուղղությամբ է եղել․․․»,- պատմեց մեր զրուցակիցը։
Բյուրականի բնակչի խոսքով՝ Տարոնը վերջին անգամ խոսել էր հոր հետ, որից ժամեր անց դեպքը տեղի է ունեցել․
«Սեպտեմբերի 13-ի երեկոյան զոհվել է․․․ Վաղը ծնունդն է, 23 տարեկան կդառնար․․․»։
Տարոն Սարիբեկյանին զինվորական կարգով հուղարկավորել են Բյուրականի ընտանեկան գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը և Ջերմուկ քաղաքը։ Պատերազմական գործողությունների ընթացքում, ըստ ԱԽ տարածած հաղորդագրության՝ հայկական կողմը սեպտեմբերի 19-ի դրությամբ ունի 207 զոհ և անհետ կորած, որը վերջնական չէ։
168.am-ը շարունակում է 44-օրյա պատերազմում սկսած շարքը: Ներկայացնում ենք մարտական գործողություններին մասնակցելիս զոհված զինծառայողների անունները։