Չավուշօղլուն` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում դիվանագիտական թղթակիցների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիային: Չշեղվելով ադրբեջանական քարոզչական գծից՝ նա Հայաստանին է մեղադրել զինված բախումներ սկսելու մեջ:
Չավուշօղլուն նախ խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության պայմանագրի առաջարկի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացի մասին: Ապա Հայաստանին մեղադրել է համապարփակ խաղաղություն կնքելու մասին Ադրբեջանի առաջարկը երկար ժամանակ անպատասխան թողնելու մեջ։
Չավուշօղլուն հերթական անգամ Հայաստանի քայլներն անվանել է «սադրիչ» ու շեշտել, որ Ադրբեջանն էլ իր հերթին պատասխանում է դրանց։
«Եթե մենք ցանկանում ենք այստեղ տևական խաղաղություն, Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից և համագործակցությանն ու խաղաղությունը միտված անկեղծ քայլեր ձեռնարկի՝ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նշենք, որ այս օրերին թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում անվերապահ աջակցություն են հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակված Ադրբեջանին: Այդ համատեքստում նաև ակտիվորեն առաջ են տանում ադրբեջանական կեղծ քարողչությունն առ այն, թե իբրև Հայաստանն է սկսել սահմանային բախումները: