«Ադրբեջանը կարող է Թուրքիայի պես «չմարսել» այս քայլը․ Հայկական դիվանագիտությանը տրված է շանս իրականացնել շեշտակի և հաղթական հակագրոհ»․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքական ձեռագիր, գենոցիդալ պատերազմ․ իրողություններ և ելքեր․․․

Ադրբեջանի սանձազերծած և վաղուց կանխատեսվող պատերազմը Հայաստանի դեմ, նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների զավթումը ոճական և գաղափարախոսական իմաստով կրկին տեղավորվում են թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի մեջ: Թուրքիայի բացահայտ ձեռագիրն է ադրբեջանական կատարմամբ.

– տևական ժամանակ խոսել և կեղծ լուրեր տարածել իբրև թե Հայաստանի կողմից սադրանքների մասին,

– օգտվել միջազգային իրավիճակի հետևանքով ձևավորված համաշխարհային ամենաթողությունից և խախտել միջազգային բոլոր գրված ու չգրված օրենքները,

– զավթել ստրատեգիական տարածքներ դրանով ավելացնելով իրենց կշիռը և պատրաստվել հաջորդ պատերազմին կամ դիվանագիտական առևտրին,

– զավթած տարածքները կոչել բուֆերային գոտի և դրանով փորձել «լեգիտիմացնել» իրենց զավթումը,

– զավթված տարածքներից ստեղծել նոր խնդիրներ, անհարմարություններ այլ տարածքների վրա ու հոգեբանորեն ճնշել և ստիպել նոր զիջումների գնալ,

– պատերազմի ընթացքում հակառակորդի բանակի՝ զինծառայողների և հնարավորության դեպքում խաղաղ բնակչության հանդեպ իրականացնել գենոցիդալ գործողություններ:

Այս ամենը առկա է Ադրբեջանի նոր սանձազերծած պատերազմի արդեն առաջին երկու օրերին. դա են վկայում նրանց և՛ քայլերը, և՛ հայտարարությունները: Սրա մասին մասնագետները խոսում էին, Սյունիքի և ամբողջ Հայաստանի հանդեպ սպառնալիքի հավանականության մասին բարձրաձայնում էին. նրանք մարգարեներ չեն, այլ մասնագետներ են, որոնց 2021 թ. ականջալուր չեղան շուրջ 680. 000 Հայաստանը կործանման տարած քաղաքացիներ:

Սակայն Թուրքիայի տասնամյակներ կիրառած այս ձեռագրի ադրբեջանական կապկումը նաև հնարավորություն է Հայաստանի համար ռազմական դիմադրությունից բացի, դիվանագիտական ինտենսիվ և թիրախային «կրակահերթերով» ծնկի բերել ցեղասպան մտածողությամբ և քաղաքակիրթ աշխարհի ընկալումներից հեռու Ադրբեջանին: Ռազմական հանցագործ և ցեղասպան Էնվերի գաղափարական ժառանգ Իլհամ Ալիևը նվիրված հաղթանակի արբեցումից կորցրել է իրատեսության զգացումը և փորձում է անել այն, ինչ ավագ եղբայր Թուրքիան է արել տասնամյակներ շարունակ:

Սակայն «այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» և Ադրբեջանը կարող է Թուրքիայի պես «չմարսել» այս քայլը: Հայկական դիվանագիտությանը տրված է շանս իրականացնել շեշտակի և հաղթական հակագրոհ: Բայց այստեղ է, որ Հայաստան պետությունը բախվում է ճակատագրի հեգնանքով իրեն կառավարող պետականակործան ուժի գոյության փաստին:

Իսկ ի՞նչ է արել «պողպատե մանդատով» ուժը իր «դիվանագիտական բանակի» մարտունակության բարձրացման առումով. հեռացրել է տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ դիվանագետների, որոնք այսօր կարող էին ուղղակի դիվանագիտական հարձակման հրավառություն կազմակերպել:

Տեսնելով ահագնացող վտանգը՝ պետականակործան իշխանությունները փոխանակ ներողությամբ և գլխահակ խնդրեին փորձառու դիվանագետներին կիրառել իրենց մասնագիտական հմտությունները, նրանք արտաքին գործերի նախարարության համակարգը լցրել են իրենց քաղաքական ուժի ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչներով և հարմարվողական ու ստեղծագործ մտածողությունից հեռու դիվանագետներով:

Սակայն ելք կա և այդ ելքը նախկին «Ելքականների» հեռացմամբ է պայմանավորված, բայց միայն դա բավարար չէ: Այս պետականակործան ուժի անհապաղ հեռացումը, պրոֆեսիոնալ դիվանագետների վերադարձը համակարգ, ճիշտ թիրախներին դիվանագիտական արագ հարվածները և այլ անհրաժեշտ քայլերը թույլ կտան գոնե հույս ունենալ պետականության կորուստը կանխելու և այն վերականգնելու համար:

Հայաստանը ներկայումս նման է հաղթելու ներուժ ունեցող մարզիկի, ում ոտքերը և ձեռքերը հենց ռինգի մոտ կապել է իր իսկ մարզիչը. ահա այսպիսին է ՔՊ իշխանության և Հայաստան պետության հարաբերությունները:

Եթե այս օրհասական պահին քաղաքական գործիչները չեն կարողանում կամ չեն ուզում գնալ հասարակության կոնսոլիդացիայի և թեկուզ ինքնազոհության տանող պայքարի ճանապարհով, ապա պետք է ոտքի կանգնեն բարձրաստիճան հոգևորականները և ինչպես պատմության մեջ շատ անգամներ է եղել առաջնորդեն գոյութենաբանական պայքարը:

Շեքսպիրյան լինել թե չլինել դեռ երբեք այսքան հստակ չի հնչել Հայաստան պետականության համար»:

Տեսանյութեր

Լրահոս