«Ես Սոթքում եմ, արդեն 1-1.5 ժամ է՝ կրակոց չկա»․ Սոթքի վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, թշնամին դադարեցրել է կրակոցները։

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին գյուղի տարածքում է․

«Արդեն 1-1.5 ժամ է՝ Սոթքի վրա կրակոց չկա, ես Սոթքում պտտվում եմ հենց հիմա, փորձում ենք հասկանալ ավերածությունների, վնասների չափը, իհարկե, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի․․․»։

Դիտարկմանը, որ գիշերվա տվյալներով՝ Սոթքում 5 տուն էր ավերվել, ինչպես նաև համայնքապետարանի և դպրոցի շենքը, Սևակ Խաչատրյանը զարմացավ։

Կարդացեք նաև

«Ինչքա՞ն, 5 տո՞ւն, ի՞նչ 5 տան մասին է խոսքը, շատ-շատի մասին է խոսքը»,- ասաց Սոթքի վարչական ղեկավարը, ապա հավելեց, որ ավերածություններից տուժածներ չկան, բոլոր գյուղացիները գիշերը տարհանվել են։

Ուշագրավ է, որ չնայած Սոթքի վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ մոտ 1-1.5 ժամ է կրակոցները դադարել են, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ժամը 14։00-ի տվյալներն ամփոփելով, իրավիճակի մասին տեղեկությունները, նշել էր, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․

«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ իր ծայրաստիճան  մտահոգությունը հայտնելով  հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ։

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը Մոսկվայի ժամանակով 09։00-ից սեպտեմբերի 13-ին կպահպանվի  ամբողջությամբ»,- ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս