
«Ակնկալում ենք՝ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կպահպանվի ամբողջությամբ». ՌԴ-ն ստացել է ՀՀ դիմումը ու իր ծայրաստիճան մտահոգությունն է հայտնում

ՌԴ-ն իր ծայրաստիճան մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։
«Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է դիմում՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։
Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը Մոսկվայի ժամանակով 09։00-ից սեպտեմբերի 13-ին կպահպանվի ամբողջությամբ»,- ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ ինչպես նախկինում, ելնում են նրանից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի դեպքում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: