Ավագանին այսօր չի քննարկի Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը
Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, օրակարգում ընդգրկված 27 հարցի փոխարեն քննարկեց 5 հարց՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:
Նախքան նիստի մեկնարկն ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի առնելով սահմանին ստեղծված իրավիճակը՝ նիստը կանցկացնեն կրճատված օրակարգով: Ընդգրկված են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են քաղաքի բնականոն կյանքն ապահովելու համար:
Փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին:
Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ ունեն ավագանու նոր անդամ՝ Նաիրա Խառատյան, իսկ «Իմ քայլի» անդամ Կարինե Բաղդասարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունը դադարեցնելու մասին: Նրան պետք է փոխարիներ Նարեկ Պապյանը, բայց նա ևս դիմում էր ներկայացրել լիազորությունը դադարեցնելու մասին: Մանդատը տրվել է Վազգեն Մանուկյանին: