Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարեսկզբից 31,4 տոկոսով աճել է

Չինաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա ութ ամսում աճել է 31,4 տոկոսով՝ մինչեւ 117,2 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը:

Ինչպես հետեւում է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթից, Չինաստանի արատահանումը ՌԴ հունվար – օգոստոսին աճել է 8,5 տոկոսով՝ մինչեւ 44,26 միլիարդ դոլար: Ռուսական ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը Չինաստան ավելացել է 50,7 տոկոսով՝ մինչեւ 72,95 միլիարդ դոլար: Միայն օգոստոսին երկու երկրների առեւտրի ծավալը կազմել է 19,21 միլիարդ դոլար: Չինաստանի արատահանումը հասել է 7,99 միլիարդ դոլարի, ներմուծումը կազմել է 11,21 միլիարդ դոլար:

Ռուսաստանի եւ Չինաստանի իշխանությունները խնդիր են դրել երկկողմ առեւտրի ծավալը տարեկան հասցնել մինչեւ 200 միլիարդ դոլարի:

Հունիսին ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կարող է 200 միլիարդ դոլարի հասնել նշված ժամկետից շուտ՝ արդեն 2022 թվականի վերջին:

2021 թվականի արդյունքներով՝ երկկողմ առեւտրի ծավալն աճել է 38,5 տոկոսով՝ մինչեւ 146,88 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս