Բաժիններ՝

Աստծուց վախենալ պե՞տք է

Գուցե իմ պես էլի մարդիկ կան, ովքեր ժամանակին վախեցել են Աստծուց ու դա եղել է զուտ այն պատճառով, որ դեռևս փոքր տարիքից մեզ ասել են՝ այսինչ բանը եթե սխալ անես, «Աստված պապաիկը» կպատժի: Իմ մեջ այդ վախը այնքան ժամանակ մնաց, մինչ ինքս սկսեցի կարդալ Աստվածաշունչը ու ծանոթանալ Աստծո հետ:

Հետո զարմացած ծնողներիս հարցնում էի՝ ինչու՞ էիք ինձ սխալ ներկայացնում Աստծո էությունը: Այս սխալը, հավանաբար շատերն են թույլ տալիս, շատ անգամներ չմտածված կերպով, բայց, եթե փոքր տարիքից սովորենք ճանաչել Աստծո ճշմարիտ էությունը, մեր կյանքում ամեն բան այլ կերպ կլինի: Մենք չենք մեծանա վախվորած սրտով ու Աստծո հանդեպ վախի զգացումով:

Աստվածաշնչում բազմիցս ենք հանդիպում «մի՛ վախեցիր» արտահայտությանը, այն աստվածային մի պատգամ է բոլորիս ուղղված: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Հարությունից հետո Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ձեզ, Ես եմ, մի վախեցեք»: Երբ այս տողերը կարդացի, հասկացա, որ Աստծուց ոչ թե պետք է վախենալ, այլ երկյուղել: Դրանք տարբեր բաներ են. երկյուղի դեպքում մենք հոգեպես վախի զգացում չենք ապրում, այն իր մեջ պարունակում է Աստծո նկատմամբ խորին պատկառանք, կատարյալ վստահություն և անմնացորդ նվիրում:

Ինչպե՞ս կարող է քրիստոնեական հավատքի մեջ վախի զգացում լինել, չէ որ, այն հիմնված է սիրո վրա, ուստի ամեն տեսակ բացասական երևույթ դուրս է այս հավատքից: Հիշենք, թե ինչ է ասվում աստվածաշնչում. «Աստված սեր է», իսկ «Սեր ունեցողը վախ չունի, որովհետև կատարյալ սերը հեռու է վանում վախը: Արդարև, վախը կապ ունի պատժի հետ, և ով վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհաննես 4:18):

Հետևաբար, պետք է ոչ թե վախենալ Աստծուց, այլ երկյուղել ու թող, որ այսուհետ մեր խոսքերի և արարքների հիմքում լինեն միայն Աստծո հանդեպ սերը և երկյուղը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս