Հեռախոսազանգ հոբելյանական օրվա առիթո՞վ, թե՞… Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Ծանր աշխարհաքաղաքականության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում այսօր հոբելյանական օր է հայ-ռուսական հարաբերություններում. ՀՀ-ն ու ՌԴ-ն նշում են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը:

Այս կապակցությամբ հայտարարություններ են տարածել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարությունները, նաև, ինչպես նախապես հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ այդ կապակցությամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց տեղի ունեցավ:

Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: «Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել»,- ասված էր հաղորդագրությունում, որտեղ կար անդրադարձ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությանը:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն առանցքային փաստաթուղթ է, որն ուրվագծել է հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով: Ըստ հայտարարության՝

  • Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։
  • Վերահաստատում են անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով:
  • Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ:
  • Այս առումով հայկական կողմն իր երախտագիտությունն է հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: «Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»,- ասված է հայտարարությունում։
  • Մեծապես արժևորվում է եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռականությամբ էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման։

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում տեղ էին գտել նույն շեշտադրումները, ինչն ակնհայտ դարձրեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարությունները համաձայնեցված տեքստ են տարածել: Սակայն հարկ է հիշել, որ կարճ ժամանակ է անցել այն բանից, երբ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց հայկական կողմին քարոզչական դաշտում հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի ուղերձում կային թաքնված ուղերձներ ՌԴ-ի համար: «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,- նշել էր Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այսօր տարածված հայտարարությունները պաշտոնական անհրաժեշտ արարողակարգի բաղկացուցիչ են, որոնք այսօր լիովին չեն արտահայտում հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներն ու մթնոլորտը:

Ըստ նրա՝ շաբաթներ առաջ տարածված բողոքի նոտան բոլորի համար հասկանալի էր, թե որքան լուրջ ու բացառիկ իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ առանց լուրջ հիմքերի՝ նման քաղաքական քայլեր չեն իրականացվում:

Տարասովի որակմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները տևական և նպատակադրված վատթարացվել են:

«Ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն իրենց ամենավատ փուլն են ապրում, սկզբնական պատճառն այն է, որ հայկական կողմն էլ չգիտի, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում, արտաքին քաղաքական ինչ վեկտորներ ունի, ովքեր են իր դաշնակիցները, քանի աթոռի վրա է «փորձում նստել» այս բարդ շրջանում: Այս փաստաթղթի ստորագրման 25-ամյակին պետք է արձանագրել, որ մեր հարաբերությունները չունեն այն անկեղծությունը, վստահությունը, որը կարող էր լինել մեր երկրների հարաբերություններում, որից կշահեր Հարավային Կովկասը: Ներկայումս կա միայն դրա շրջանակը, թեև դա նաև չի նշանակում, որ հարաբերությունները խզվելու են, պարզապես դրանում կա փոխըմբռնման մեծ պակաս, հետևաբար՝ նաև մեծ խնդիրներ քարոզչական դաշտում, որն անառողջ մթնոլորտ է ստեղծում»,- արձանագրեց Տարասովը:

Ըստ նրա՝ Փաշինյան-Պուտին այսօրվա հեռախոսազանգը պետք է որոշակի առումով պայմանավորել հոբելյանի, իսկ մեծ հաշվով՝ այն եռակողմ բանակցությունների հետ, որոնք սպասվում են օրերս Բրյուսելում Ալիևի և Միշելի հետ:

«Բնականաբար, սա հնարավորություն է եղել քննարկելու տարածաշրջանի քաղաքական զարգացումները, որոնց համակարգումն այսօր իրականացնում է Բրյուսելը, իսկ Մոսկվան հետևում է՝ ունենալով ավելի առաջնահերթ խնդիրներ, չմոռանալով, իհարկե, Հարավային Կովկասի մասին»,- նկատեց Տարասովը:

Վերջինս նաև հիշեցրեց, որ նրանց վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ-ի ուղարկած բողոքի նոտայից հետո:

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են իրենց հարաբերություններում ինչ-որ հատկանշական օրեր տոնել, սակայն, նրա որակմամբ, հատկապես այսօր դրանք չունեն երկկողմ բավարարող օրակարգ, քանի որ նման սուր աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքում փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերություններ ունենալը բարդ է, հատկապես, երբ կողմերից մեկը մյուսից ավելի պակաս ազդեցիկ ու հզոր է, ունի կախվածություն, որը նաև արհեստականորեն ստեղծվել է:

Ցինցաձեն գտնում է, որ մի իրավիճակում, երբ Ռուսաստանը և Արևմուտքը գլոբալ պատերազմական հարաբերությունների մեջ են, հարավկովկասյան երկրները, չնայած այն հանգամանքին, որ առնչվում են այս տերությունների հետ, պետք է մտածեն տարածաշրջանի կայունության մասին, որքան էլ այն ևս բարդ է թվում:

«Չնայած այն կարծիքներին, որ կա լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում, կարծում եմ, որ նման մեկուսացման իրավիճակում Ռուսաստանին հարկավոր են հարաբերություններ ԵԱՏՄ իր գործընկերների հետ, ուստի ավելի լուրջ սրացումներ, կարծում եմ՝ չեն լինի: Բայց Ռուսաստանի համար ակնհայտորեն բարդ է համակերպվել ռեգիոնում Արևմուտքի ակտիվության հետ, որը կարող է թուլացնել ռուսական ազդեցությունը»,- նկատեց Սոսո Ցինցաձեն։

Ինչ վերաբերում է հեռախոսազանգին, ապա, նրա կարծիքով ևս, նման իրավիճակում շփումներն ուղղված են ոչ այնքան միմյանց շնորհավորելուն, որքան տարածաշրջանային կարևոր հարցերին, հատկապես, երբ այդ հարցերը քննարկվում և բանակցվում են Բրյուսելում:

Տեսանյութեր

Լրահոս