Բաժիններ՝

Հայաստանում էլ շաբաթական երկու օր կարող են թաղամասերում բացօթյա առևտուրը թույլատրել, բայց կտրուկ վերցնելն ու չթողնելն անմարդկային քայլ է. Մարիամ Խաչատրյան

Բացօթյա ապօրինի առևտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլև գույքը կբռնագրավեն։ Նման որոշում կայացվեց կառավարության օգոստոսի 18-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս Կառավարության նիստում  ասել էր, որ «Առևտրի և ծառայության մասին» օրենքով սահմանված է, թե փողոցում և բացօթյա հատվածներում ինչ տեսակի և որտեղ կարելի է առևտուր իրականացնել։ Երևանը և այլ համայնքներ բախվում են այս խնդրին, և փողոցային առևտուրն անընդհատ առկա է։

Ինչքան էլ տույժեր կամ վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չի կարգավորվում։ Նախագծի վրա հիմնականում քաղաքապետարանի մեր գործընկերներն են աշխատել և առաջարկել են, որ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերեն, աշխատակիցներն իրավունք կունենան բռնագրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել»,- նշել  է նախարարը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին ընդգծել էր, որ առկա գործիքակազմը բավարար չէ վարչական իրավախախտումներով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: «Շատ դեպքերում այդ տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և գնում ու սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ՝ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք բռնագրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։

Կարդացեք նաև

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ պարզապես բացօթյա առևտուրը պետք է ճիշտ կազմակերպել, իսկ վերացնել հնարավոր չի լինի, քանի որ, նրա խոսքով, կրկին գալու են այդ նույն տեղը վաճառելու կամ քիչ հեռու են կանգնելու: Ինչ վերաբերում է քաղաքի տեսքին, ապա քաղաքաշինարարի կարծիքով՝ այն չի աղավաղվում:

«Ընդհանրապես ասում են, որ փողոցային առևտուրը  բնորոշ է ոչ հարուստ երկրներին: Մինչև զարգացած և հարուստ երկիր չլինես՝ սա չի անցնի: Բացօթյա վաճառվող ապրանքի գինը սուպերմարկետի համեմատ մատչելի է: Մտեք կենտրոնում գտնվող սուպերմարկետ՝ կտեսնեք, որ դրսում վաճառվող մթեքն ավելի մատչելի է: Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում տաղավարներ սարքեցին, ու մի քիչ կարգավորվեց հարցը: Կարծեմ վճարովի չէր, ու ով առաջինը հասնում՝ զավթում էր: Նման մի բան հիմա կարելի է անել, որովհետև  աղքատ երկիր ես, չես կարող Լոնդոն լինել:  Իսկ ապրանքը բռնագրավելը ճիշտ չէ, այն նույնիսկ կոլորիտային է: Օրինակ, Ֆրանսիայում շաբաթը երկու անգամ դրսից առևտուր կարող են անել: Վաղ առավոտից բերում խիտ բնակեցված թաղամասերում տաղավարներ են տեղադրում, մոտ 400 մետր տարածքում, իսկ մարդիկ, ովքեր ապրանք են վաճառում, բերում են ու, կեսօրից հետո ինչ մնում է՝ հավաքում, տանում են: Այսինքն, հնարավորություն են տալիս: Հայատանում էլ թող այդպես լինի. Ասենք՝ շաբաթական երկու օր կարող են թաղամասերում բացօթյա առևտուրը թույլատրել, բայց կտրուկ վերցնելն ու չթողնելն անմարդկային քայլ է: Տաղավարների համար կարող են սիմվոլիկ գումար վերցնել, ասենք՝ 300 դրամ, որ հետո լվանան տարածքը, որպեսզի կեղտոտ չմնա»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Ընդհանրապես ամենահարուստ, ամենաքաղաքակիրթ երկրներում է փողոցային առևտուր, իսկ ավելի ճիշտ՝ շաբաթվա որոշակի օրերին և ստույգ ժամերին փողոցում, կենտրոնական հրապարակում քաղաքապետարանի ուժերով կազմակերպված և հենց քաղաքապետարանի հսկողության ներքո գտնվող շուկաներ կան: Այսինքն, փողոցային անկանոն, ոչ հիգիենիկ առևտրի դեմ պայքարելու միջոցը ոչ թե արգելքն է, այլ կազմակերպելն ու մաքրության պահպանման խստագույն վերահսկողություն իրականացնելն է:

Խնդրի մասին զրուցեցինք փողոցում առևտուր անողների հետ: Կենտրոնում իր այգու դեղձը, տանձն ու խաղողը վաճառող մի քաղաքացի, օրինակ, ասաց, որ  այլ տեղ չի պատկերացնում, թե ինչպես  է գնալու: Նրա խոսքով՝ ոչ միայն տեղին սովորելու խնդիր կա, այլև հարց է՝ ապրանքը կվաճառվի՞, թե՞ ոչ:

«Իմ այգում առանց պարարտանյութի աճեցրած միրգն եմ վաճառում: Այո, երբեմն կարող է գնային տարբերություն լինել՝ խանութի ու մեզ մոտ վաճառվող մրգի դեպքում: Դեղձը, օրինակ, խանութում կարող է վաճառվել 400 դրամով, մեզ մոտ՝ 550, որովհետև կան մարդիկ, ովքեր նախընտրում են օրգանիկ մթերք»,- նշեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Գյումրիի շուկայամերձ հատվածներն ու փողոցները, որոնք բացօթյա առևտրի վայրեր էին, արդեն 20 օրից ավելի է՝ մաքրված են տաղավարներից, գետնին վաճառվող միրգ ու բանջարեղեն, կենդանական ծագման մթերք չկա։ Փողոցներն ու Հաղթանակի պողոտային հարող մայթերն անցուդարձի համար ազատ են։ Շուկայամերձ փողոցներին այլընտրանք՝ մանրածախ առևտրով զբաղվողներին առաջարկվել էր տեղափոխվել ավտոկայանի տարածք, որ դեռ նոր էր շուկայի վերածվելու։

Տեսանյութեր

Լրահոս