«Մենք այս պահին թիվ չենք հնչեցնում». Քաշաթաղի վարչական ղեկավարը՝ տարհանված բնակիչների թվի մասին
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի բնակիչները շարունակում են իրենց իրերը տեղափոխել այն վայրեր, որտեղ պատրաստվում են բնակություն հաստատել։
168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի վարչական ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ տարհանման գործընթացն իր հունով ընթանում է՝ Քաղպաշտպանության պլանի համաձայն։
Ինչ վերաբերում է արտաշիրմման հետ կապված խնդիրներին, Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ այդ հարցն արդեն լուծել են։
Օրերս բնակիչները բարձրաձայնել էին, որ հարազատների շիրիմները տեղափոխելու համար տարածքների հետ կապված խնդիրներ ունեն,
«Բնակիչներին աջակցություն ենք տրամադրում, որպեսզի կարողանան իրենց հարազատների շիրիմները տեղափոխեն»,- հավելեց Մ. Ալավերդյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ չի կարող ասել, թե այս պահին Աղավնոյից ու Բերձորից քանի հոգի են դուրս եկել։
«Մենք այս պահին թիվ չենք հնչեցնում»,- շեշտեց նա։
Կեսկատակ-կեսլուրջ Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ Բերձորը թողնելուց հետո ցանկանում է գնալ Արևմտյան Հայաստան՝ Մուշ քաղաքում բնակություն հաստատի։
«Այս պահին ես ու մեր պատասխանատու պաշտոնյաները դեռ ժամանակ չունենք մտածելու, թե ո՞ւր ենք գնալու և ի՞նչ ենք անելու։ Երբ այս իրավիճակը հանդարտվի, այդ ժամանակ գուցե հասկանանք, գուցե առհասարակ չգնանք, մնանք այստեղ»,- եզրափակեց Մուշեղ Ալավերդյանը։